Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։

 

Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։

 

Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ' վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:

 

Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր:

 

Գեորգի Մարգվելաշվիլին խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպեցին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 

Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

 

Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։