Վիեննայում վաղը կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԱՄՆ-ի նախաձեռնությունն է և նպատակ ունի վերսկսել տապալված բանակցային գործընթացը կամ գոնե դրա իմիտացիան ստեղծել: Tert.am-ի հետ զրույցում հանդիպման նախօրեին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Պատճառը ոչ միայն այն է, որ նման իրավիճակում մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնց լուծում չի տրվում՝ ի նկատի ունեմ նոր ռազմագերիներ, շփման գծում իրավիճակի շիկացում, այլև այն, որ ԱՄՆ-ն չի ցանկանում ղարաբաղյան խաղաքարտը թողնել ռուսական կողմին»,-ասաց նա:
Իսկ թե վաղը առաջնային ո՞ր հարցերը պետք է բանակցային սեղանի շուրջ դնի Սերժ Սարգսյանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կուտակված հարցերը շատ շատ են՝ սկսած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից ու հերոսացումից, վերջացրած Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի վերադարձով:
«Նորից պետք է պահանջ դրվի շփման գծում դիպուկահարներին ետ քաշելու մասին: Պետք է հարց դրվի սպառազինությունների մրցավազքը կանխելու առումով»,-ասաց նա:
Ստոպա Սաֆարյանը պատահական չի համարում, որ երկու նախագահների հանդիպումից ընդամենը երեք օր առաջ ադրբեջանական կողմը կրակ բացեց հայկական սահմանի ուղղությամբ: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը նման կերպ փորձում է ճնշումներ գործադրել բանակցային գործընթացի վրա, որպեսզի խնդիրը լուծվի՝ ելնելով իր շահերից, հակառակ դեպքում՝ արդյունքը կլինի պատերազմը:
«Ադրբեջանական կողմի այս մարտավարությունը հայտնի ձեռագիր է և նպատակ ունի միջնորդներին ահաբեկել, որպեսզի նրանք արագ կարգավորեն խնդիրը: Իսկ հայկական կողմին ոչ մեկը հիմքեր չունի մեղադրելու, թե շահագրգռված է պատերազմի վերսկսման մեջ: Չեմ կարծում, որ դրա համար հավելյալ արգումենտներ պետք են, աշխարհը սրա մասին լավ գիտի: Հայկական կողմին սովորաբար մեղադրում են ստատուս քվոն պահպանելու մեջ»,-ասաց նա:
Շարութնակությունն` այստեղ: