ԱԺ պատգամավորները հանդես են եկել «ԱԺ կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ։

 

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ Կառավարությունը քննարկել է հարցը և ունի մի քանի դիտարկում։

 

«Մենք դեմ չենք, որ ՀՀ գլխավոր դատախազը տարին մեկ անգամ հաղորդում ներկայացնի Ազգային ժողովում և պատասխանի պատգամավորների հարցերին։ Դա ավելի հրապարակային կդարձնի դատախազության գործունեությունը»,-ասաց Թովմասյանը։

 

Վերջինիս խոսքերով՝ գործադիրի համար պարզ չէ պատգամավորների ներկայացրած երկրորդ փոփոխության առաջարկը։ Նրանք, մասնավորապես, առաջարկել են, որ հարակից զեկուցմամբ հանդես գա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Հրայր Թովմասյանը գտնում է, որ անհասկանալի է այն հարցերի շրջանակը, որոնք պետք է ներկայացվեն հանձնաժողովի նախագահի կողմից, քանի որ, ըստ նախարարի, հաղորդման վերաբերյալ իրավական հետևանքներ առաջացնող գնահատական տալը դուրս է օրենսդիր իշխանության մարմնի լիազորությունների շրջանակներից։

 

Հրայր Թովմասյանը նշեց, որ Կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: