ՀՀ կառավարությունը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ նախարարի՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն:
«Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ն սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը: Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով»,- նկատեց նախարարը:
Ասատրյանն ասաց, որ համաձայն նախագծի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: «Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին»,- նկատեց նախարարը: Այսպիսով` ըստ կառավարության` նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը, որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:
«Միաժամանակ չենք կիսում Նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից»,- ասված է եզրակացության մեջ:
Բացի այդ, կառավարությունը գտնում է, որ վերը նշված նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազմանը և ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխությանը, որի չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված: Լենա Նազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ ասված է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում էր փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքում», ինչը թույլ կտար ծնողներից մեկին նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչև 17:00-ն: