Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը:
Կառավարության եզրակացության համաձայն՝ օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը և հարաբերությունները:
Բացի այդ, նախագիծն առարկայական չէ, չի բովանդակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր: Նախագծում հստակեցված չեն դրա կարգավորման առարկան և նպատակը, սահմանված չէ կիրառվող հասկացությունների և տերմինների բովանդակությունը:
Ավելին, նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին և չափորոշիչներին, հստակ սահմանված չեն նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը:
Կան նաև ներքին հակասություններ, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման և պարզաբանման կարիք ունեցող դրույթներ: Հանգամանորեն շարադրելով բոլոր առարկությունները՝ գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և բացասական եզրակացություն տվել:
Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, և կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքում:
Օրենսգրքի նախագծերը և Կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: