Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված «Տեսանկարահանող սարքերի և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների և ԱՊՊԱ տուգանքների միջոցով բնակչության վրա ֆինանսական բեռն ավելացնելու մեխանիզմների ազդեցությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

 

Մինչ քվերակությունը, վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության Ռուբիկ Հակոբյանը։

 

Նա նշեց, որ ապրիլի 22-ին, թեև նախագծի հարցով Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ լսումներ կազմակերպեցին, սակայն չորս քաղաքական ուժերի հարցերը ժամանակի գոծոնի պատճառով չստացան իրենց ամբողջական պատասխանները, որոնք ուղղել էին պատկան մարմիններին։ Ուստի նա պնդեց, որ իրենք նույն մտադրության են և շարունակում են առաջարկել հանձնաժողով ձևավորել։

 

Այդ նպատակով նա քսան րոպե ընդմիջում խնդրեց և մեծամասնությանը և չորս ուժերին հրավիրեց քվեարկությունից առաջ «կոնսուլտացիաների»։

 

Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ կառավարությունն արդեն իսկ այդ հարցով հանձնաժողով է ստեղծել:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ մեծամասնության այդ դիրքորոշումն իրենց համար անընդունելի է. «Մեծամասնության դիրքորոշումն այն է, որ նրանց կողմից այս նախագծի ընդունումը կնշանակի անվստահություն սեփական կառավարությանը: Սա մեզ համար անընդունելի փաստարկ է», - ասաց Զուրաբյանը:

 

Նախագծին կողմ քվեարկեց 51, դեմ' 62 պատգամավոր: