Կառավարությունը քննարկեց և բացասական եզրակացություն տվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:
Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն է: Նա առաջարկում է օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը:
Նախագիծը ներկայացրեց արդարդատաության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարծում է, թե, ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել: «Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա: