Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գյումրի նախատեսած այցին, կարծիք հայտնեց, որ ցանկացած բարձր պաշտոնյայի, առավել ևս գերտերության ղեկավարի այցը միանշանակ օգուտ կբերի տվյալ քաղաքին, դա այսպես ասած Գյումրիի բրենդի, հեղինակության բարձրացում է: «Հիշո՞ւմ եք մասսայական ասֆալտապատում Գյումրիում վերջին անգամ երբ է եղել, եղել է 1992-93 թվականներին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը եկավ Գյումրի' Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացմանը և ամբողջ քաղաքը ասֆալտապատվեց: Իհարկե, հիմա մասսայաբար չի ասֆալտապատվում, որոշակի փողոցներ են ասֆալտապատվում, բայց էլի լավ է: Այսինքն' այդ առումով Գյումրիի համար Պուտին այցը դրական է:
Ես չեմ խոսում քաղաքական կողմի մասին' Ռուսաստանի կայսրապաշտական մոտեցումների, նախկին խորհրդային երկրներին ճորտացնելու միտումների … դրանք ամբողջը բացասական են և տրամաբանական կլիներ, եթե որոշակի քաղաքական շրջանակներ, ովքեր դեմ են Ռուսաստանի գործողություններին իրենց բողոքը տարբեր կերպով արտահայտեն: Բայց ես խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը բողոքի, որովհետև այս իրավիճակի համար առաջին հերթին մենք պետք է բողոքենք մեր իշխանությունների դեմ:
Իհարկե, մեզ համար ցանկալի էր, որ լինեինք ասենք Գերմանիայի, Ամերիկայի կամ այլ դեմոկրատական կամ այսպես ասած գերտերության հարևանը, բայց հիմա մեր հարևանները էս են' Ադրբեջանը, Ռուսաստանը … Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները' ոչ հավասար հավասարին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով է: Իհարկե, նորից եմ կրկնում շատ նորմալ եմ վերաբերում քաղաքական հայտարարություններին ոտքի ելնելու. մեկը կարող է Անգլիայի կառավարությունից դժգոհ լինի, մյուսը' Ամերիկայի, բողոքի ԱՄՆ- նախագահի այցի ժամանակ, բայց Ռուսաստանի վերաբերյալ ես մի առիթով ասել եմ ' ամենադեմոկրատական երկրները կացինը տվել են Ռուսաստանի ձեռքը, և հիմա բարոյական իրավունք չունեն փոքր երկրներից Ռուսաստանի հանդեպ անհանդուրժողականություն պահանջելու:
Ես հիմա ուրախ եմ, որ քաղաքի հեղինակությունն է բարձրանում, քաղաքը ճանաչելի է դառնում, և ընկնում ենք Պուտինի ջրերը , ինչպես ասում են շնից մազ պոկելն էլ է քյար, մենք էլ կպոկենք: Մեր քաղաքում ասֆալտ են անում, Պուտինը կգա ու կգնա, իսկ արած գործը մեզ կմնա: Աշխարհում թիվ մեկ ազդեցիկ քաղաքական գործիչը, Վլադիմիր Պուտինը այսպես է ճանաչվել Արևմուտքի երեք եվրոպական երկրների կատարած հարցումների արդյունքում, այցելում է Գյումրի, որը ՀՀ իշխանությունների կողմից լքված, անտեսված, աղքատության ու անտերության մատնված գավառաքաղաքի է վերածվել: Հիմա փոփոխություններ են եղել, մի քանի փողոց են ասֆալտապատում, տխրե՞նք…Իսկ նրանք, ովքեր ուզում են ինքնահրկիզել, Աստված իրենց հետ ' թող ինքնահրկիզվեն, ի՞նչ ասեմ», ասաց մեր զրուցակիցը: