Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 29-ին կքննվի ավտոտնակից 27.500 դրամ արժողության 5 լիտր բենզին ու 20 լիտր մեքենայի շարժիչի յուղ գողանալու փորձի գործով բողոքի քննությունը: Գործով ամբաստանյալ Արման Դավթյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով: Արման Դավթյանի հայրը՝ Իոսիֆ Մուրադյանը, նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում նա նախագահին խնդրել է օգնել, որպեսզի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարգադրի Արմավիրի նորանշանակ մարզային դատախազին և քննչական մարմնին՝ արդարացի քննություն իրականացնել և մեղադրանք առաջադրել կատարած արարքին համապատասխան հոդվածով: ՀՀ նախագահի աշխատակազմից ամբաստանյալի հորը պատասխանել են, որ նրա դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից կստանան պատասխանը: Իոսիֆ Մուրադյանը նամակ-դիմում է փոխանցել 168.am-ին՝ կայքում հրապարակելու խնդրանքով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Սարգսյան, Հայաստանի և համայն հայության առաջնորդ, Հարավային Կովկասի ամենահզոր պրեզիդենտ, ի՞նչ եք մտածում՝ նստած Ձեր բարձր թախտին: Մի՞թե տեղերում ուժեղները, չարչիները, զոռբաները ելնելով իրենց հզորությունից, պաշտոնական դիրքից՝ պետք է շարունակեն ճնշել, հալածել, կործանել թույլերին, խեղճերին, ընկածներին: Ժամանակը չէ՞, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը շատ խիստ պատժամիջոցներ կիրառի հատկապես այն քննիչների, դատախազների, դատավորների հանդեպ, որոնք չարաշահում են պաշտոնական դիրքը, որոնց խղճի վրա բազում սարսափելի մեղքեր կան նստած: Այսօրվա դատավորն ասում է, որ իրենք անկախ են, օրենքն իրենց ձեռքում է, ոնց ուզենան՝ այնպես էլ կվարվեն:
Մի՞թե սովետական պետությունից ժառանգություն մնացած որոշ վատ բաներ պետք է մշտապես մնան իրավապահ ատյանների գործողությունների հիմքում: Մասնավորապես, գործ սարքելու, հարուցելու, ձերբակալությունների հարցում անպայման պետք է պլանավորված որոշակի տոկոս ապահովել՝ օգտվելով տվյալ անձի անտերությունից: Սկսած Ոստիկանությունից, նախաքննական մարմնից՝ հարուցած գործը տանում են իրենց համար ձեռնտու հունով, աշխատում են առավելագույնս ծանրացնել գործի վարույթը, իսկ դատարանն էլ դատական պրոցեսի ժամանակ, ոչինչ հաշվի չառնելով, հիմնականում առաջնորդվում է քննիչի ու դատախազի ներկայացրածով՝ դատապարտելով բարձր «սրոկի» ազատազրկման:
Հզորների հետ չեն կարող այդպես վարվել, կուժն ու կուլան կոտրվում է թույլերի, չքավորների, անտերների վրա: Ահավասիկ իմ որդու օրինակը. 27.500 դրամի համար Արմավիրի մարզի դատավոր պարոն Ադամյանը նրան դատապարտեց 4 տարի 9 ամիս ազատազրկման, որպեսզի համաներում չկիրառելու պահ չլինի, մինչդեռ բաներ կան, որ չեմ ուզում ասել ու նշել, որպեսզի հանիրավի ստախոս կամ շանտաժնիկ չդառնամ: 1999թ. մենք, ընտանյոք հանդերձ, մեկնեցինք Եվրոպա՝ Դանիա. հիմնական պատճառը եղավ կնոջս ծանր հիվանդությունը, այնտեղ գտնվող մեր հարազատները խոստացել էին, որ կօգնեն: Այդ ժամանակ տղաս՝ Արմանը, 10 տարեկան էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: