«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դատապարտում է Ոստիկանության գործողություններն այսօր ՌԴ նախագահի այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մեկնարկած, Մաքսային միությանն անդամակցության դեմ ուղղված քաղաքացիների հավաքին հաջորդել էր երթ, որի ընթացքում Ոստիկանության բաժանմունքներ են տարվել մի շարք քաղաքացիներ:

 

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Այսօր դեկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում և Երևանում վաղ առավոտից սկսած, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաև լրագրողներ, ինչպես նաև պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից։

 

Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Այդ գործողություններն անհամաչափ են և չեն տեղավորվում նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում։ Դրանք, ըստ էության այլ բան չեն, քան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ և վկայում են ռեժիմի բնազդական վախը քաղաքացիական ակտիվության դրսևորումների նկատմամբ։

 

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները, որոնք ուղղված են սեփական քաղաքացիներին սահմանադրական իրավունքներից զրկելուն և պահանջում է անհապաղ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներին»։