1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից 25 տարի է անցել, սակայն Հայաստանում դեռ կան երկրաշարժից տուժած ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել մետաղյա ժամանակավոր տնակներում: Իսկ որոշ բնակավայրերում, ինչպես Գյումրին, դեռ կան երկրաշարժի հետևանքով ավերված շինություններ, որոնք դեռևս ապամոնտաժված չեն:
Հիշեցնենք, որ 1988-ի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։
Ի՞նչ է փոխվել ողբերգությունից 25 տարի անց: Անօթևան մնացած ընտանիքներից քանի՞սն են փոխհատուցում ստացել, քանի՞սը՝ ոչ:
Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ այսօր Կառավարությունը 4000-ից ավելի անօթևան ընտանիքներից անօթևան են ճանաչում մոտավորապես 1200-ին, մյուսների մասին ասում են, թե մենք նրանց առաջ պարտավորություն չունենք։
«Բայց այդ մարդիկ 25 տարվա մետաղյա տնակներում ապրում են, հիվանդանում են, արտագաղթում են: Քաղաքի բնակչության շուրջ 18 տոկոսը ապրում է այդ «կոնտեյներների» մեջ 25 տարի շարունակ: Մենք վաղը նշելու ենք ամոթի օր»,- երեկ Tert.am–ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը: Մանրամասները` աղբյուր կայքում: