Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կբողոքարկի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Վերջինս դեկտեմբերի 6-ին մերժել իր հայցը, որով նա դատարանից պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել կառուցապատողին՝ գործարար Սամվել Ալեքսանյանին, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Զ.Փոստանջյանը, առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու պահանջով բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի դեկտեմբերի 16-ին:
Ըստ նրա' Սամվել Ալեքսանյանը խախտել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը' պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը: Իսկ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել կառուցապատողի ապօրինի գործողությունները կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ: