Mediamall.am-ն առանձնացրել է օրվա՝ առավել ուշագրավ նորությունները:
Հանրապետության մի շարք ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 15-ին ահազանգեր են ստացել.
Միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս 23-րդ կմ-ում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ.
Ջրառատ-Արաքս միջհամայնքային ավտոճանապարհին կանչ սպասարկող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ.
Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտակայքում ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ.
Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ 15-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ.
Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ծաղկահովիտ – Հնաբերդ հատվածում՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ.
Ծաղկահովիտ–Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհին՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ.
***
Ձնագնդիկ է խաղացել, եկել տուն եւ հետո... ի՞նչ է կատարվել Թալինում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ին Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ,15-ամյա Հրանտ Վարդանյանը ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ինքնասպանություն գործած երիտասարդի հարեւանները պատմել են հետեւյալը. «Շատ լավ, շատ շնորհքով երեխա էր: Բոլորը ապշած են, որ նման դեպք է տեղի ունեցել: Սա հանելուկ էր... ոչ մեկը չէր կարող ասել, թե ինչ եղավ կամ ինչու»:
Հարեւաններից Կարենը պատմեց, որ Հրանտ Վարդանյանը ոչ մի խնդիր չի ունեցել, եւ հետեւաբար իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչու է պատանին գնացել նման քայլի: «Ոչ մի խնդիր, ոչ մի հարց ինքը չի ունեցել, ապշել ենք, էս ինչ բան էր, ոնց նայում ենք, ոչ մի տիպի պրոբլեմ ինքը չի ունեցել ոչ մեկի կողմից: Ուղղակի բոլորս ապշած ենք, չենք իմանում, թե էս երեխու մեջ ինչ է մտել»,- պատմեց Կարենը: Հրանտ Վարդանյանը ապրում էր մոր եւ եղբոր հետ, բայց հիմնականում ապրել եւ մեծացել են մորական տատիկի տանը:
«Ոչ մի խնդիր չի եղել, տատիկը, մայրիկը, քեռին, ինչպես պետք է, պահել մեծացրել են»,- ասաց հարեւանը: Իսկ երիտասարդի հայրը տարիներ առաջ բաժանվել է ընտանիքից:
***
Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել
Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել։ Ըստ արաբական Khabar Armani կայքի տարածած հաղորդագրության՝ զոհվածը Հայկ Օքարդեշյանն է: Վերջինս մահվանից առաջ ընկերներին խնդրել է իր դագաղը սիրիական դրոշով և եռագույնով ծածկել։
Տեղեկացնենք, որ Սիրիայում արդեն երկուսուկես տարուց ավելի ընթացող պատերազմի զոհ են դարձել 120 հազարից ավելի մարդիկ, որոնցից 65 հայեր են, կան նաև 15 հայ զինծառայողներ։
***
Սախալին կղզին «պոկվել է» մայրցամաքից, հարյուրավոր ուղևորներ չեն կարողանում այնտեղից դուրս գալ
Ուժեղ ցիկլոնի պատճառով ռուսական Սախալին կղզին պոկվել է մայրցամաքից, ինչի հետևանքով հարյուրավոր ուղևորներ 2 օր է՝ չեն կարողանում այնտեղից դուրս գալ։
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով ևս 300 ուղևորներ չեն կարողանում հասնել Սախալին։
Օդերևութաբանները կանխատեսել են, որ ցիկլոնը կհեռանա երկուշաբթի՝ շարժվելով դեպի Կուրիլյան կղզիների կենտրոնական հատված։
***
Վարդան Պետրոսյանի գործով քննիչի ապօրինությունները ցույց տվող փաստաթղթեր են ի հայտ եկել
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու համար քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել, նրա ապօրինի գործողությունները ցույց տվող նոր փաստաթղթեր են ի հայտ եկել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Քննիչի վերաբերյալ ոստիկանություն եւ դատախազություն հասցեագրված նրանց բողոքների պատասխանը ստացվել է, որից պարզ է դառնում, որ քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել նրան ձերբակալելու համար: «Քննիչը գնացել է Վարդան Պետրոսյանի գրանցում ունեցող բնակարան եւ տեսել է, որ ինքը այնտեղ չի, գնացելէ գյուղում գտնվող նրա առանձնատուն, տեսել է, որ այնտեղ չի, պարզելով, որ չի կարողանում նրան հայտնաբերել, որոշում է կայացրել նրան ձերբակալել: Այս ամենը շինծու փաստարակներ են, որովհետեւ Վարդանը եւ կինը պնդում են, որ քննիչը չի գնացել ոչ իրենց բնակարան, ոչ առանձնատուն, ավելին՝ առաջին իսկ օրվանից Վարդանի քրոջը հարցաքննելով՝ պարզել է, որ դերասանը վերջին 10 տարում ապրում է քրոջ բնակարանում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
***
Օբամային փորձել են թունավորել
Այս օրերին ամերիկյան լրատվամիջոցները չեն դադարում անդրադառնալ Տեխաս նահանգի «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալի դերասանուհի Շենոն Գաս Ռիչարդսոնին սպառնացող ցմահ բանտարկության թեմային: Բանն այն է, որ դերասանուհին ձերբակալվել է ԱՄՆ նախագահին Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ուղարկած նամակների պատճառով, որի մեջ հայտնաբերվել է թույն:
Ընդ որում՝ այն շատ դեպքերում օգտագործվում է որպես զենք: Շ. Ռիչարդսոնը խոստովանել է, որ նամակով փոխանցել է թունավոր նյութը, սակայն վկայություն է տվել այն մասին, որ հանցագործությունը կատարել է ամուսնու հետ: Վերջինս առ այսօր չի հայտնել ԱՄՆ նախագահի դեմ կատարած գործողության դրդապատճառը։
***
Կրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ
Վարչական դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական գործով առաջին նախնական դատական նիստը:
Ոստիկանությունը պահանջում է Ա.Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված վարչական պատասխանատվության:
***
Տեղի ունեցավ Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը
Հարավաֆրիկյան հանրապետությունում վերջին հրաժեշտը տվեցին նախկին նախագահ Նելսոն Մանդելային: Նրա թաղման արարողությունը տեղի է ունեցել Մանդելայի հայրենի Կունու գյուղում:
Թաղմանը մասնակցել է շուրջ հինգ հազար մարդ' ներառյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաններ աշխարհի տարբեր երկրներից:
***
ԲՀԿ-ական պատգամավորը ծեծել է Սուրեն Սուրենյանցին
Երեկ' դեկտեմբերի 14-ի երեկոյան, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում: Hraparak.am-ի տեղեկություններով' ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ: Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին: Վերջինս քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակներ հասցրել: Միայն ռեստորանի աշխատակիցների ու ներկաների միջամտությունից հետո է հաջողվել բաժանել նրանց:
Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռևս չի հաջողվել ճշտել:
***
Մեկը' թիկունքից, երկուսը ոտքերից բռնելով՝ անչափահասին նստեցրել են ավտոմեքենան եւ առեւանգել
Անչափահաս աղջկան առևանգելու մեջ մեղադրվող ընկերախմբի անդամներից վերջինն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նախաքննական մարմինը վերսկսել է կասեցված մասի քննությունը, իսկ դատարանն էլ՝ կայացրել մեղադրական դատավճիռ: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը 2012 թվականի մայիսի 2-ին իր ընկերոջ' Կորյուն Գևորգյանի խնդրանքով, վերջինիս համար ամուսնության նպատակով՝ անչափահաս աղջկան առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել և իրենց ընդհանուր ընկեր Քաջիկ Մուսայելյանի հետ նույն օրը Երևանի «Էրեբունի» բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են աղջկան:
Մասնավորապես, Կորյուն Գևորգյանը թիկունքից, իսկ Քաջիկ Մուսայելյանը և Գևորգ Հարությունյանը ոտքերից բռնելով աղջկան ուժով նստեցրել են տաքսի ավտոմեքենան, որն անմիջապես շարժվել է և բացահայտ առևանգված աղջիկը տեղափոխվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ, որտեղից Գևորգ Հարությունյանը նույն տաքսի ավտոմեքենայով հեռացել է։ Ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը մինչև դատաքննությունն սկսելը միջնորդել է դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ՝ հայտարարելով, որ համաձայն է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելը, իրեն առաջադրված մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում։
***
Ի՞նչն էր բենզինի հորն ընկած քաղաքացիների մահվան պատճառը
Երկու քաղաքացիների՝ բենզինի հորն ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ «Վարգոս» ԲԲԸ-ի աշխատակիցներ Մամիկոն Հմայակի Զաքարյանը եւ Արման Հայկարամի Մամիկոնյանը N զորամասի տարածքում գտնվող վառելիքի պահեստարանում ամբարներից մեկի վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14-55-ի սահմաններում, շնչահեղձ են եղել եւ մահացել' նաֆթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա: «Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Վարգոս» ԲԲԸ-ի միջեւ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա՝ վերջինիս ուժերով:
***
Հորդանանի թագավորն օգնել է դուրս հանել ձյան մեջ խրված ավտոմեքենան
Այս օրերին Հորդանանում մոլեգնում է ձնաբուքը, որի պատճառով խցանման մեջ է մնացել անգամ թագավորի ավտոշարասյունը:
Միապետն էլ վճռական որոշում է կայացրել' դուրս գալ մեքենայից և օգնել դժվարին դրության մեջ հայտնված իր հայրենակիցներին: