Հինգ ամիս կալանքում մնալուց հետո դատարանն արդարացրել է
Բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Սիմոնյանին 5 ամիս կալանքի տակ պահելուց հետո դատարանն արդարացրել է: Նախաքննության մարմինը Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ 2013թ-ի հունվարի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված սննդի օբյեկտներից մեկում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում ցանկացել է Կարինե Ալոյանի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել: Արմեն Սիմոնյանի զուգընկերուհին' Կարինե Ալոյանը, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ Սիմոնյանը 2013թ-ի հունվարի 12-ի գիշերը սննդի օբյեկտներից մեկում կոտրած ապակյա շշի սպառնալիքով փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն Ալոյանը դեմ է գնացել և խնդրել իրեն Երևան տանել, ինչի արդյունքում առաջացած վեճի ժամանակ Սիմոնյանն իր ձեռքում եղած ապակե տարրան կոտրել ու սպառնացել է վնասել ինքն իրեն: Ալոյանը ցանկացել է հանդարտեցնել Սիմոնյանին և հյուրանոցի հյուրասենյակից գնացել է ննջասենյակ' ենթարկվելով վերջինիս հրահանգներին: Հանել է հագուստը, մնացել է ներքնաշորերով, սակայն կրկին դեմ է գնացել Արմեն Սիմոնյանի' իր հետ սեռական հարաբերություն ունենալու պահանջին: Կարինե Ալոյանի' նախաքննության ընթացքում տված ցուցմունքների համաձայն' Արմենը ձեռքի մեջ գտնվող շշի կտորով հարվածել է իր ձախ ձեռքի վերին հատվածին, ինչի արդյունքում ձեռքը քերծվել է, ինքն էլ ընկել մահճակալին: Այնուհետև Արմենը պարկել է իր վրա ու փորձել հանել մնացած հագուստը: Ինքն էլ, օգտվելով զուգընկերոջ հարբած վիճակից, նրան հրել է մի կողմ, վեր կացել ու մերկ վիճակում փորձել փախչել, սակայն մուտքի դուռը փակ է եղել: Երբ Արմենը մոտեցել է, ինքը ոտքով հարվածել է նրա ոտքերին, բացել դուռը, փախել դեպի բակ ու օգնություն կանչել: Այդ պահին իրեն մոտեցել է հյուրանոցի պահակը, ումից օգնություն է խնդրել: Կարինե Ալոյանը պահակին հայտնել է, որ իր հետ գտնվող երիտասարդը ցանկացել է իրեն վնասել: Պահակը տեղեկացրել է, որ դիմում է ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Արմենը դուրս է եկել հյուրանոցային համարից և Ալոյանին ասել, թե իրեն կտանի Երևան: Այդ ժամանակ երևացել է ոստիկանության ավտոմեքենան, և Արմենը դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում Կարինե Ալոյանն ամիսներ շարունակ կրկին նույնն է պնդել:
Դատարանում բացահայտվեց ողջ ճշմարտությունը
Դատաքննության ընթացքում դատարանին հաջողվեց իբր «բռնաբարված» Կարինե Ալոյանից ստանալ ճշմարտացի ցուցմունքներ: Դատարանն ապացուցված համարեց ամբաստանյալ Արմեն Սիմոնյանի անմեղությունը և նրան ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Այսպես, ըստ Կարինեի արդեն ճշմարտացի ցուցմունքի' Արմեն Սիմոնյանը դեպքի օրը հյուրանոցային համարում իրեն բռնաբարելու փորձ չի կատարել: Իրենք ունեցել են սեռական հարաբերություն' փոխադարձ համաձայնությամբ, ինչից հետո Կարինեն խնդրել է Արմենին' իրեն Երևան տանել: Արմենը, սակայն, ցանկացել է գիշերը հյուրանոցում անցկացնել, ինչի շուրջ էլ սկսվել է վիճաբանությունը: Արմենն իր ձեռքում եղած ապակե շիշը խփել է պատին, կոտրել այն, ինչի բեկորները վնասել են Կարինեի ձեռքը: Նա պատմել է նաև, թե երբ և ինչ հանգամանքներում է ծանոթացել Արմեն Սիմոնյանի հետ, ինչպես են զարգացել իրենց հարաբերությունները և մինչ դեպքի օրը մի քանի անգամ սեռական հարաբերություն են ունեցել, քանի որ համակրել են իրար:
Կարինեն պնդել է, որ ինքը ոստիկանությունում բռնաբարության մասին հաղորդում չի տվել. այն տվել է հյուրանոցի պահակը: Եվ քանի որ ինքը չի տիրապետում գրավոր հայերենին, հաղորդումն առանց կարդալու' ստորագրել է:
Դեպքի վայրի զննության ժամանակ ինքը կրկին բռնաբարության մասին ոչինչ չի ասել: Իսկ քննիչը բացել է ննջասենյակի փոքր պահարանի դարակը և տեսել, որ այնտեղ պահպանակի տուփ կա, սակայն դա չի արձանագրել:
Կարինե Ալոյանի' դատարանում տված ցուցմունքի համաձայն' ոստիկանությունում չեն ցանկացել լսել իր պատճառաբանությունները և պնդել են այն կարծիքը, թե Արմեն Սիմոնյանը ցանկացել է իրեն բռնաբարել: Ինչպես ոստիկաններին, այնպես էլ քննիչին, բազմիցս հայտնել է, որ Արմենն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, սակայն տարատեսակ ճնշումների արդյունքում ստիպված է եղել ցուցմունք տալ, թե Արմեն Սիմոնյանը փորձել է իրեն բռնաբարել ու վախեցել է պատմել ճշմարտությունը:
Դատարանը գտել է, որ գործում առկա ապացույցները, դրանք են՝ սավանին և դրա վրա հայտնաբերված արնանման հետքերը, ապակու կոտրված կտորները, Արմեն Սիմոնյանի սթափության վիճակի մասին կազմված' ուղղումներով զննության արձանագրությունը, որևէ կերպ չեն հիմնավորում Սիմոնյանի կողմից Կարինե Ալոյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու հանգամանքը: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցները բավարար չեն, կայացրեց արդարացման դատավճիռ և ճանաչեց ու հռչակեց ամբաստանյալի անմեղությունը:
Գոռ Հարությունյան
Հ.Գ.- Նյութում տեղ գտած անձնանունները փոխված են: