Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 28-ին կշարունակվի «իր ծանոթին առևանգելու գործով» դատական նիստը: 

 

«Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 11-ին ժամը 14:00-ի սահմաններում՝ տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ Կ. Բ.-ին, վերջինիս առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել Կ. Բ.-ի մեջքին որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ»:

 

Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է զնեքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ պատժվում է ազատազրկմամբ' չորսից ութ տարի ժամկետով), 138-րդ հոդվածի 1-ին մասով (բռնաբարությունը պատժվում է ազատազրկմամբ' երեքից վեց տարի ժամկետով): Հ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով դատավորը Վլադիմիր Գրիգորյանն է: Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: