Եթե ոսկյա զարդի մեկ կտորի վրա պարտադիր հանդիսացող երկու կնիքներից՝ հարգադրոշմ ու հարգորոշում, որևէ մեկը բացակայում է, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության վարչությունը տուգանում է ոսկին վաճառողին, իսկ երբ առկա են երկու կնիքներն էլ, սակայն տվյալ ոսկին չի համապատասխանում կնիքով փաստվող որակական չափանիշներին, ապա՝ հարգորոշող ընկերությանը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության վարչության պետ Լևոն Խալիկյանը և ընդգծեց, որ հերյուրանք են լուրերը, թե իրենք «Վաղարշ և որդիներ» կոնցեռնին պատկանող Երևանի «Ոսկու շուկայում» նախորդ ամսվա ընթացքում 10 հոգու տուգանել են մինչև 3 մլն դրամի չափով:
«Շուկայի աշխատողների բողոքների հաջորդ իսկ օրը գտանք այն մարդկանց, ովքեր ցույց էին տալիս ինչ-որ թուղթ, որը իբր ապացուցում էր, որ իրենք տուգանվել են: Հրավիրեցինք, եկան տեսչություն, պարզվեց, որ նրանցից երեքի մոտ ընդհանրապես ստուգում չի իրականացվել, մեկի՝ Մարտուն Մարտիրոսյանի մոտ, իրականացվել է ստուգում ցույցից առաջ ու նշվել, որ խախտում չի արձանագրվել: Ընդհանրապես, այդ ամսվա առավելագույն տուգանքը եղել է 500 հազ. դրամ՝ այն էլ մարզերից մեկում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Վաղարշ և որդիներ» կոնցեռնին պատկանող «Ոսկու շուկայի» մի քանի հազար աշխատողներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել՝ դժգոհելով Էկոնոմիկայի նախարարության տուգանումներից: Նրանք նշում էին, որ մի քանի օրվա ընթացքում իրենց վրա մեծ տուգանքներ են եկել, քանի որ հարգադրոշմի վրա կամ լավ չեն երևացել համապատասխան թվերը կամ Սասունցի Դավթի արձանը պատկերող դրոշմի եզրերը:
Լևոն Խալիկյանն ընդգծեց, թե հազվադեպ է պատահում, որ կնիքների թվերը լավ չեն երևում, առավել ևս չեն տուգանում, երբ Սասունցի Դավթի արձանը պատկերող կնիքի եզրերը լավ չեն երևում:
«Մեզ համար կարևոր են թվերը, ոչ թե՝ ձիու ժպիտը կամ պոչը: Ցանկացած ոսկյա իրի վրա, որը 1.5 գրամից ավելի է, պետք է լինի հարգադրոշմ, որը ցույց է տալիս, թե տվյալ ապրանքի որքան մասն է ոսկին: Մյուսը՝ հարգորոշումը, ցույց է տալիս, թե որ հարգորոշող ընկերությունն է հաստատել առաջին կնիքը: Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ սխալ է որոշված ոսկու մաքրության աստիճանը, ապա այդ ընկերությունը տուգանվում է»,– բացատրեց նա:
«Սրանով մենք պաշտպանում ենք սպառողների իրավունքները, որ նրանք ծանոթ-բարեկամ չգտնեն ու նոր գնան շուկա ոսկի գնելու, որ իրենց չխաբեն»,- ավելացրեց պաշտոնյան և ընդգծեց, որ հայտնաբերվում են դեպքեր, երբ զարդի վրա երկու կնիքներն էլ բացակայում են:
Ինչ վերաբերում է «Ոսկու շուկայի» աշխատողներին, ապա տեսչությունը, նրա խոսքով, այդպես էլ չի կարողացել գտնել տասը մարդ, ովքեր նման մեծ չափի տուգանքների են ենթարկվել: Ինչպես պատմեց Լևոն Խալիկյանը, ի վերջո տեսչություն են ներկայացել երկուսը և այդպես էլ չեն կարողացել ցույց տալ համապատասխան տուգանքով արձանագրությունը:
«Ասացին՝ մենք չենք ասում, որ տուգանել եք, այլ որ հնարավոր է տուգանեք: Դա նույնն է, որ մեկը նստի մեքենայի ղեկին ու մտածի՝ հնարավոր է տուգանեն: Եթե նպատակ ունես խախտում անելու, իհարկե, կտուգանվես: Ի վերջո, ասացին, որ իրենց ասել են, որ այդպես ասեն: Ես չեմ ուզում որևէ մեկին այս ամենում մեղադրել, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարող է հետևություն անել»,– ասաց նա:
Լևոն Խալիկյանը նաև նշեց, որ այդ բողոքի ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ իրենք պատրաստվում էին ստուգումներ իրականացնել «Վաղարշ և որդիներ» կոնցեռնում, որն անցած տարի միլիոնանոց տուգանք է ունեցել, քանի որ հայտնաբերել էին բազմաթիվ խախտումներ, և ընկերությունը վճարել է տուգանքը:
«Եթե համաձայն չլինեին դրանց հետ, ապա կվիճարկեին մեր որոշումը»- ասաց նա և ընդգծեց, որ ընկերությունում ստուգումներն սկսվել են, և արդեն իսկ արձանագրել մի շարք խախտումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի մի քանի օր հետո:
Լևոն Խալիկյանն ընդգծեց, որ իրենք պետք է հասնեն նրան, որ սպառողները շուկա մտնեն ու առանց ծանոթների կարողանան գնել կնիքներին իրականում համապատասխանող ապրանք: Որպես օրինակ, տեսչության պետը նշեց, որ սիրիահայ ոսկերիչները դիմել են իրենց՝ դասընթացներ անցնելու և համապատսախան օրենքների բացատրությունը ստանալու խնդրանքով, որպեսզի կարողանան գործել օրենքի սահմաններում:
«Սիրիահայերի հետ արդեն 5-րդ հանդիպումն ենք ունենալու: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ սիրիահայերը ուզում են աշխատել օրենքի սահմաններում, իսկ մյուսները՝ ոչ: Մենք ամենամսյա ստուգումներ ենք իրականացրել ու իրականացնում և տուգանվելու են բոլոր նրան, ովքեր անբարեխիղճ կգտնվեն»,- ասաց նա և ավելացրեց, որ անկախ նրանից՝ գործարանը մեծ է, թե՝ փոքր, պետք է բոլորը աշխատեն օրենքի սահմաններում: