ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը նախօրեին Ազգային ժողովում գազի թեմայով լսումների ընթացքում մի քանի հայտարարություն է արել Հայռուսգազարդի հայկական վերջին 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին հանձնող հայ-ռուսական գազային պայմանագրի կապակցությամբ, ներկայացնելով այդ պայմանագրի Հայաստանի համար խայտառակ բովանդակությունը:
Պայմանագիրը ներկայացվում է ԱԺ վավերացմանը: Դրանով հայկական կողմը պարտավորություն է ստանձնում, Ռուսաստանին երաշխիք է տալիս, որ մինչեւ 2043 թվականը Հայաստանը չի ընդունի որեւէ որոշում կամ օրենք, որը չի բխի Գազպրոմի, ռուսական կողմի շահերից:

 

Այստեղ առկա է շատ հետաքրքիր մի պահ:
Հայաստանի ներկայիս իշխանությունը Ռուսաստանին երաշխիք է տալիս մինչեւ 2043 թվական: Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է Ռուսաստանը այդ կարգի երաշխիքին լուրջ վերաբերել, այն դեպքում, երբ Հայաստանում յուրաքանաչյուր 5 տարին մեկ տեղի է ունենում խորհրդարանի եւ նախագահի ընտրություն: Չէ՞ որ այդ ընտրության արդյունքով կարող է հանկարծ իշխանություն փոխվել, որը կվերանայի Ռուսաստանին տրված երաշխիքները եւ կընդունի ոչ թե Գազպրոմի, այլ Հայաստանի շահերից բխող որոշումներ:

 

Ինչպե՞ս է Մոսկվան այդքան հեշտորեն խաբվում Հայաստանի իշխանության նման երաշխիքներին եւ այսպես ասած դրանով փակված համարում 155 միլիոն դոլար «պարտքը»: Այդ պարտքի առաջացման, դրա այսպես ասած հիմնավորվածության եւ այլ հարցերը թողնենք մի կողմ: Բա որ հանկարծ Հայաստանում իշխանություն փոխվի ասենք 2027 կամ 2028 թվականին:

 

Իրականում պարզ է, որ Ռուսաստանը երաշխիքները այդքան հեշտ կուլ չի տալիս, եւ երաշխավորը տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունը չէ: Տվյալ գազային կոչվող պայմանագրով, Հայաստանի իշխանությունն ու Ռուսաստանը իրականում մեկ այլ պայմանագիր են կնքում միմյանց հետ՝ Հայաստանում մինչեւ 2043 թվականի դեկտեմբեր ընտրակեղծիքներ իրականացնելու եւ դրանց անարգելության Ռուսաստանի երաշխավորության մասին պայմանագիր: Այսինքն, Ռուսաստանն է երաշխավորում, որ մինչեւ 2043 թվականը թույլ չի տա Հայաստանում իշխանության փոփոխություն: Իշխանափոխությունը, իշխող համակարգի որակների փոփոխությունը հակասում է Ռուսաստանի շահին: Հետեւաբար, Մոսկվան իր շահը պահելու համար պահելու է նաեւ Հայաստանի իշխող համակարգի հակասահմանադրական բնույթը, ընթացքում իհարկե փոխելով անձերին:

 

Իրականում դա է կնքված պայմանագրի բուն էությունը, ոչ թե գազը կամ գազային պայմանները: Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունն իր բոլոր համապետական ընտրակեղծիքները մարսել է Ռուսաստանի հովանավորությամբ: Ռուսաստանը ներկայում հայկական ընտրակեղծարարությունը հովանավորելու մի կարեւոր լծակ է ձեռք բերել՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր, որոնք իրավասու են նաեւ միջամտել երկրների ներքին հասարակական կարգի պահպանման հարցերին: Ֆորմալ առումով պետք է, որ տվյալ երկրի իշխանությունը դիմի այդ ուժերը ներգրավելու համար, բայց ոչ ոք երեւի չի կասկածում, որ եթե Ռուսաստանը կամենա միջամտել, Հայաստանի իշխանությունը կդիմի: Կամ, եթե հանկարծ իշխանությանը սպառնա ռեալ վտանգ, ապա անմիջապես կլինի դիմում ՀԱՊԿ զորքին, որ այդ զորքը Հայաստանում իշխանություն պահի:

 

Այդպիսով, Մոսկվան փաստացի ստացել է ընտրակեղծիքների հովանավորության իրավական հիմքերը եւ արդեն միանգամայն կարող է իրեն թույլ տալ ներկայացնել իշխող համակարգի վերարտադրման երաշխիքներ մինչեւ 2043 թվականը: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ