«Մի քանի ժամ է՝ այս խորհրդարանում քննարկվում է այս հարցը, բնական է, որ այս քննարկումները պետք է բուռն լինեին, որոշ դեպքերում զգացմունքային: Բացի առարկայական, առողջ քննարկումներից ու քննադատություններից կան դեպքեր, որոնք հիշեցնում են ռուսական вече, որտեղ ճշմարիտը նա է, ով ավելի բարձր է խոսում, ոչ թե նա, ով եղելությունն է ներկայացնում»,-այսօր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» քննարկման ժամանակ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Նա նշեց, որ բացի կառուցողական քննադատություններից հնչեցին նաև կառավարության ու իշխանության հասցեին տարբեր մեղադրանքներ, պետական դավաճանությունից մինչև քրեական հետապնդում, նույնիսկ զուգահեռներ անցկացվեցին Կարսի պայմանագրի հետ: «Նման տրամաբանությամբ որ մենք գնանք, գուցե հղում արվի Բաթումի պայմանագրին, Ալեքսանդրապոլի պայմանագրին ու այդպես հասնենք Արտաշատի պայմանագրին, որը կնքվել էր Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև: Կարծում եմ՝ սա լուրջ չէ»,-շեշտեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին ու գնահատականներին, ապա ԱԺ փոխնախագահը հիշեցրեց. «Կա ՍԴ-ի որոշումը, և իրավական պետությունում ՍԴ-ի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, սա է փաստը, այլ ճանապարհ չկա»:
Ապա նա հարցրեց. «Լա՞վ է, թե՞ վատ, որ գազի գինը 270 դոլարից իջավ 189 դոլար, իսկ դրա այլընտրանքը 500, միգուցե 600՞ դոլարն է:

 

Խոսում են իմ հարգարժան գորընկերները կապիտուլյացիայից, ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին ՀՀ-ը ստանում է գազ, թե որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ:

 

Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնելիս առաջին հերթին հաշվի առնենք մեր յուրաքանչյուր քաղաքացու և ոչ թե այսօրվա, այլ սերունդների շահը: Բոլորս այստեղ, համոզված եմ, առաջնորդվում ենք պետական շահով, իսկ այն պահանջում է մտածել ոչ թե միայն վաղվա, կամ մեկ օր հետո ընտրությունների մասին, կամ նախորդ ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին: Իսկ ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որպեսզի մենք վավերցնենք այս պայմանագիրը»,-բացատրեց Շարմազանովը:

 

 

Որպես հետգրություն նա նկատեց.
«Խոսեցին այստեղ ընտրությունների մասին, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չէր բռնում, որպեսզի մասնակցեիք նախագահական ընտրություններին»: