Արփիար Արփիարյանը ծնվել է 1851թ.-ի դեկտեմբերի 21-ին: 

 

Սկզբնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Թարգմանչաց վարժարանում, որն ավարտելուց հետո (1867) սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: 1870-ին վերադարձել է Կ. Պոլիս, պաշտոնավարել պատրիարքարանում որպես քարտուղար: Մի խումբ ընկերների հետ 1876-ին հիմնել է «Արարատյան ընկերություն հայոցը», որի նպատակներ էր Հայաստանի քաղաքներում դպրոցներ բաց անելը: 1878-ից մինչև մահը թղթակցել է «Մշակին», որում հրապարակել է մոտ հազար հոդված:

 

1884-ի հունվարի 2-ին համախոհների հետ հիմնում է «Արևելք» (Կ. Պոլիս) թերթը: Նույն 1884-ից մինչև 1890-ը փոքրիկ ընդմիջումներով խմբագրում է «Մասիս» պարբերականը: 1891-1895-ին, խմբագրելով «Հայրենիք» թերթը, իր շուրջն է համախմբել ժամանակի բոլոր ականավոր գրողներին (Գրիգոր Զոհրապ, Տիգրան Կամսարական, Լևոն Բաշալյան ևն): Խուսափելով թուրքական կառավարության հետապնդումներից' Արփիարյանը 1896-ին մեկնել է արտասահման: 1897-1901-ին Լոնդոնում խմբագրել է «Մարտ», իսկ 1898-1901-ին Բաշալյանի հետ' «Նոր կյանք» պարբերականը: 1902-ին Վենետիկում հրատարակել է «Հայ հանդեսը», որի էջերում է լույս տեսել նրա լավագույն գործերից «Կարմիր ժամուցը»: 1905-ին անցել է Կահիրե և խմբագրել «Լուսաբեր» թերթը և «Շիրակ» հանդեսը:

 

Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։

 

Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական ու մշակութային հարցեր: 1895-1901-ը անդամակցել է հնչակյան կուսակցությանը:

 

1908թ.-ի փետրվարի 12-ին սպանվել է ահաբեկչի ձեռքով: