ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարները պատրաստվում են համատեղ մամուլի ասուլիս տալ։ Այս մասին ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ ԱԺ-ում գազային համաձայնագիրն ընդունվել է կեղծ քվեարկությամբ, քանի որ էլեկտրոնային քվեարկություն չի եղել, իսկ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների անդամները չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին, հետեւաբար քվեարկությունը չի կարելի համարել կայացած։ Նրա խոսքով՝ այս պահին չորս խմբակցությունները պատրաստում են հաշվիչ հանձնաժողովի համապատասխան արձանագրությունը։

 

Ակտիվիստները անընդհատ խլացնում էին չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները՝ պահանջելով, որ նրանք խոսելու փոխարեն հենց հիմա վայր դնեն մանդատները ու միանան իրենց։

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դրսում հայտարարեց, որ քվեարկությունը բոյկոտած չորս խմբակցությունները պատրաստվում են քննարկել միասնական հանրահավաքի հնարավորությունը։ Հիշեցնենք, որ քվեարկությունը ձեռքով է եղել, որովհետեւ Փոստանջյանը նախապես հավաքել էր կոալիցիոն պատգամավորների քվեարկության քարտերը։

 

Արամ Մանուկյանը խնդրեց ակտիվիստներին իրենց համախմբած պահել, որպեսզի իրենք կարողանան միասնական լինել եւ քննարկել հետագա գործողությունները։

 

Ակտիվիստների մի խումբ հայտարարեց, որ երթ է սկսում դեպի Ազատության հրապարակ, նրանք այս պահին շարժվում են դեպի հրապարակ, սակայն մեծ մասը մնացել է ԱԺ շենքի մոտ եւ շարունակում է վանկարկել «Ամոթ, ամոթ», դավաճաններ։

 

Նշենք, որ ցուցարարների թվում են նաեւ շոու բիզնեսի հայտնի դեմքեր։ Հայկ Մարությանը, որը նախապես հայտարարել էր, որ փոխում է օդանավի տոմսն ու Պրահայից Հայաստան վերադառնում՝ հատուկ այս ակցիային մասնակցելու համար, իր հետ գազի բալոն է բերել։

 

Նշենք, որ մինչ ցուցարարները ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են՝ դավաճաններ, ԱԺ շենքի բակում զարդարում են տոնածառը։

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր: