ԵՄ-ն այսօր արգելք է դրել ԿԱՀ-ին ռազմական սարքավորում և զինամթերք մատակարարելու վրա. այս մասին հայտնում է itarr-tass-ը:
«ԵՄ-ը նման քայլի է գնացել դեկտեմբերի 5-ին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած թիվ 2127 բանաձևին համապատասխան: Զենքի մատակարարման հարցում բացառություն են կազմելու այն դեպքերը, երբ այդ օգնությունը հատկացվելու է ԿԱՀ-ում գործող միջազգային խաղաղապահ ուժերին՝ ներառյալ MISCA-ն ու ֆրանսիական զորքերը, որոնք ԿԱՀ-ում գործում են ՄԱԿ-ի բանաձևին համապատասխան»,- այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհուրդը:
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում այս պահի դրությամբ գտնվում է 3600 աֆրիկացի և 1200 ֆրանսիացի զինծառայող:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում «Սելեկա» խմբավորման զինյալների ու նրանց դիմակայող քրիստոնյա ապստամբների միջև բախումներ էին գրանցվել: Դրա հետևանքով զոհվել է մոտ 600 մարդ, ևս մոտ 159.000-ը հարկադրաբար լքել է իր տունը: