«Սիրիայի Էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են Skype IP հեռախոսակապի ծառայության կայքը: Այս մասին հայտնում է BBC-ին:

 

Հակերները ջարդված էջերում թողել են հաղորդագրություններ, որտեղ օգտատերերից պահանջում են կասեցնել համագործակցությունը Microsoft ընկերության փոստային ծառայություններ հետ, որին պատկանում է նաև Skype-ը:

 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Microsoft-ը գաղտնի հետախուզական ծառայություններին է փոխանցում օգտատերերի անձնական տեղեկատվությունն ու պետական նշանակության շատ կարևոր մանրամասներ:

 

Հայտնի չէ, թե քանի անձնական հաշիվ է ենթարկվել հաքերական հարձակման։ Microsoft-ը հավաստիացնում է, որ նման դեպքերի թիվը մեծ չէ և ներողություն է հայցել պատճառված անհարմարությունների համար։

 

«Սիրիայի Էլեկտրոնային բանակը» մեկ անգամ չէ, որ ստանձնել է մի շարք ազդեցիկ ընկերությունների և ԶԼՄ-ների կայքեր կոտրելու պատասխանատվություն:

 

Խմբավորման գործողությունների հիմնական թիրախում են Associated Press և France Presse գործակալությունները, France 24 հեռուստաալիքը, Financial Times պարբերականը և BBC հեռարձակող ընկերությունը:

 

Հիշեցնենք, որ«Սիրիական էլեկտրոնային բանակն» աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: