Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 13-ին նախատեսված հանդիպմանը կքննարկեն Իրանի դերը՝ Սիրիայի հարցին նվիրված խաղաղության համաժողովում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հունվարի 13 -ին: Մենք հույս ունենք, որ նրանք առաջիկա խորհրդակցությունների ընթացքում որոշում կընդունեն Սիրիայի հարցով հունվարի վերջին կայանալիք համաժողովին Իրանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Փարիզում, և այս տեղեկատվությունը հաստատել էր itar-tass-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին: Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը Լավրովի և Քերրիի հանդիպման մասին ոչինչ չի հաղորդել:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը հավանական է կայանա նոյեմբերի 22-ին: Այդ նպատակով Մերձավոր Արևելքում իր շրջագայություններն է սկսել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախազգուշացրել էր, որ համաժողովն անշուշտ կձախողվի և կանցնի անարդյունք՝ առանց Իրանի մասնակցության: Նա հաստատել էր, որ իրանական պատվիրակության հրավիրմանը հակազդում է ԱՄՆ-ն: Համաժողովը կսկսվի հունվարի 22-ին՝ շվեցարական Մոնտրյո քաղաքում: