Լուսանկարում պատկերված է «օրենքով գող» Շաքրոն

 

Քրեական աշխարհում ամենամեծ լարվածությունը մինչ այսօր պահպանվում է Ռուսաստանում, որը գալիս հասնում է Հայաստան: Հայաստանում նույնպես բավականին մեծ իրադարձություններ են կատարվում ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական, քաղաքական կյանքում:Սակայն այսօրվա հիմնական մտահոգիչ իրադարձությունը 2014թ.-ն Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստություններն են, ինչով էլ պայմանավորված է լարվածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ կանխատեսելով 2014թ.-ին կայանալիք քրեական իրադարձությունները:

 

«Բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ հանցագործ աշխարհը գալիս է և կանգնում այդ փողերի գլխին: Այդ խաղերին հսկայական գումարներ են ներդրվում, և այսպիսի ակտիվություն, այսպիսի սարսափելի բաներ երբևէ չեն եղել: Ռուսաստանում ամենամեծ գումարներ հիմա են ծախսում, այդ պատճառով է քրեական աշխարհն ակտիվանում»,- ասաց քրեագետը:

 

Վերջինիս համոզմամբ՝ 2014թ.-ին մինչև այդ հարցը չլուծվի և մինչ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանին փոխարինողը չգա, հստակություն չի կարող լինել: Նա այս տարի հավանական է համարում, որ ի վերջո Դեդ Հասանի տեղը կզբաղեցվի նշելով, որ բոլորն էլ սպասում են, որ այժմ Իսպանիայում գտնվող «օրենքով գող» Շաքրոն գալու է և զբաղեցնի այդ տեղը:

 

«Այդ ամենի ազդեցությունն անպայման կհասնի Հայաստան, քանի որ Դեդ Հասանի կլանի մեջ միշտ եղել են ազգությամբ հայեր»,-ասաց նա:

 

Սերգեյ Գալոյանի խոսքով՝ ամենակարևոր բաները, սակայն, 2013թ.-ին չավարտվեց, դա բանդայի դատավարությունն է, որը ոտքից գլուխ սարքովի գործ է, և մեծ աղմուկ կլինի, եթե այդ գործը բացահայտվի: Ըստ նրա՝ Հայաստանում կշարունակվի նաև օֆշորի հանրահայտ գործը:

 

«Այդպիսի գործի համար եթե անգամ մեղադրանքը սուտ է լինում, անպայման գոնե մեղադրվող կողմը հրաժարական կտա, բայց սա Հայաստանն է, և այդպիսի բան կարող է նաև չլինել»:

 

Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ քրեագետը նկատեց. «Վայ էն երկրի ժողովրդնի, որ հույսը պետք է կապի գողական աշխարհի հետ: Բայց երկրի վիճակը ծանր է, հսկայական գումարներ են լափում, էտ ի՞նչ գազի պարտք է, ո՞վ է այդ գումարները տվել, այդ ի՞նչ 300 միլիոն է, էտ ինչի՞ եմ ես պարտք մնացել, իմ ծախսած գազի գումարը ես վճարել եմ, էտ ո՞վ չի վճարել: Քրեական աշխարհը գա սրանց դեմ ի՞նչ անի: Քրեական աշխարհում կարգին մարդիկ են սրանց համեմատ»:

 

Սերգեյ Գալոյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը, ինչի շուրջ ևս իր դժգոհությունը հայտնեց. «1974թ-ից հետո ծնված մարդկանց աշխատավարձերից կտրում են, էտ ի՞նչ բան է, դա անում են նորմալ զարգացած երկրում, այն էլ կամավոր»:

 

Քրեագետի խոսքով՝ երկիրը կործանում են ոչ թե կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները, նրանք հատուկենտ մարդիկ են, որոնք ինչ-որ տեղ նաև ռոմանտիկ բաներ ունեն իրենց մեջ, այլ ներկայիս իշխանությունները:

 

«Էս ի՞նչ քրեական իրավիճակ է ստեղծվել այստեղ: Ու դա սոցիալական վիճակի պատճառով է: Այսօր ամենամոտիկ հարազատներն իրար տալիս-սպանում են, ի՞նչ քրեական աշխարհի մասին է խոսքը: Ես շատ կուզենայի, որ մի խելոք, երկրի մասին մտածող մարդ գտնվեր և իմ բոլոր թվարկած և չթվարկած խնդիրները շտկեր»- ասաց նա: