Այսօրվանից՝ հունվարի 7-ից, ուժի մեջ մտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ խստացվում է առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու, ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելու, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը:

 

Մասնավորապես, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելն այսուհետ քաղաքացիների նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում' 150 հազար դրամի չափով՝ նախկինում գործող 80 հազար դրամի փոխարեն, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 300 հազար դրամ՝ նախկին 150 հազար դրամի փոխարեն:

 

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը քաղաքացիների նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում' 100 հազար դրամի չափով՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 200 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն: