«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի' ԱՄՆ ուսման նպատակով մեկնելու որոշումը հանկարծակի չի ընդունվել և ոչ էլ մեկ օրում: Դասընթացներն իրենից ներկայացնում են մի ծրագիր, որում էլ ներգրավվելով Զարուհի Փոստանջյանը 5 ամսով մեկնելու է ԱՄՆ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն արդեն մեկնել է ԱՄՆ' մասնակցելու Տավթի համալսարանի իրավունքի և Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի 5-ամսյա դասընթացներին:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ խորացված դասընթացները, անշուշտ, պիտանի կլինեն Զարուհի Փոստանջյանի պատգամավորական գործունեության ընթացքում: Հարցին, թե նրա բացակայության ընթացքում ինչպե՞ս է իրականացվելու «Ժառանգություն» խմբակցության գործունեությունը Ազգային ժողովում, նա պատասխանեց, որ առանձնապես մեծ խնդիր չի առաջանա, որովհետև ցանկացած պարագայում Ռուբեն Հակոբյանը կա:

 

«Հույս ունեմ, որ Թևան Պողոսյանն իր մտադրությունը կփոխի: Եթե ինչ-որ արտառոց իրավիճակ լինի երկրում, միանշանակ' Զարուհի Փոստանջյանը հետ կգա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը' հավելելով, որ այդ հարցը քննարկվել է կուսակցությունում, և արտակարգ իրավիճակների դեպքում Զարուհի Փոստանջյանը կգա Հայաստան: Նա նշեց, որ այդ 5 ամիսների ընթացքում էլ Զարուհի Փոստանջյանը 1-2 անգամ կգա ու կմասնակցի խորհրդարանական նիստերին:

 

Արմեն Մարտիրոսյանի խոսքով' իհարկե, ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանի ակտիվության պակասը կզգացվի, ամեն դեպքում լուրջ խնդիրներ «Ժառանգության» խմբակցության գործունեության առումով չեն առաջանա: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի բացակայությանը, նա նշեց. «Ազգային ժողովն այնքան շատ բացակայողներ է ունեցել այս տարիների ընթացքում, որ Զարուհի Փոստանջյանի' ուսման հետ կապված մի քանի ամսվա բացակայությունը խնդիր չի առաջացնի»: