«Դեմ ենք հինգ տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամները, ինչպես արդեն հայտնի է, հունվարի 18-ին իրականացնելու են հերթական բողոքի ակցիան: Նախաձեռնության անդամները ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեցին, որ ակցիային միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները:
Նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանի խոսքերով՝ երթի նպատակն է մեկ անգամ եւս իրազեկել հանրությանը արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքում առկա հակասահմանադրական կետերին:
«Այնուհետեւ նախատեսված է երթով անցնել, որի ընթացքում հնարավորինս ազգաբնակչությանը տեղեկացնենք իրադարձությունների մասին, եւ ինչպես գիտենք, Սահմանադրական դատարանը մինչեւ փետրվարի 25-ը պետք է որոշում կայացնի, եւ մենք պահանջելու ենք, որպեսզի մինչեւ դատարանի կողմից վերջնական որոշման հրապարակումը այն կիրառությունից դուրս գա»,- նշեց նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Կ. Հարությունյանը:
«Դեմ ենք հինգ տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամ Տ. Մարտիրոսյանի գնահատմամբ շատ կարեւոր է, որ քաղաքացիները համախմբված լինեն այս հարցում, ինչը կարող է որոշակի դերակատարություն ունենալ որոշումների կայացման վրա: «Մենք պահանջում ենք, որպեսզի օրենքը կասեցվի մինչեւ ՍԴ-ի կողմից համապատասխան որոշում կայացնելը, եւ ցույց տալ իշխանությանը, Սերժ Սարգսյանին, ով հարկ չհամարեց պատասխանել նախաձեռնության 400 անդամների ստորագրությամբ իրեն հասցեագրված դիմումին, այլ միայն շաբլոն ինչ-որ պատասխան էր հնչեցրել եւ վստահեցրել բոլորին, որ այս ամենը ոչ թե ինչ-որ պարապ մարդկանց զբաղմունք է, այլ քաղաքացիական ընդվզում»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը: Ըստ նախաձեռնության անդամի՝ ողջունելի է, որ խորհրդարանական չորս խմբակցություններ համախմբվել են այս նախաձեռնության շուրջ, միեւնույն ժամանակ եթե նրանք կարողանային լուրջ փոփոխություններ անել, ապա արդեն իսկ արած կլինեին: Այս դեպքում, ըստ ակցիայի մասնակիցների, կարեւոր է, որ պայքարի դուրս գա ՀՀ քաղաքացին:
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե տեսնո՞ւմ է անհրաժեշտություն, որ քաղաքական չորս ուժերը այդ օրը դուրս բերեն նաեւ իրենց ընտրազանգվածին, ապա ըստ Տ.Մարտիրոսյանի. «Չէ, ոչ մի ուժ պարտավոր չէ այս դեպքում, եւ ճնշում գործադրելու անհրաժեշտություն էլ չկա: Այս դեպքում խիստ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները միանան՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժին են նրանք պատկանում»: Վերջինիս գնահատմամբ քաղաքացիների համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ է մտել «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը», որը Ազգային ժողովը հաստատել էր նախորդ տարեվերջին: Սույն նախագծի վերաբերյալ իրենց դժգոհությունն էին հայտնել խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները՝ դիմելով նաեւ ՍԴ: Միեւնույն ժամանակ օրենքը դրական էին գնահատել էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, իր տարեվերջյան ասուլիսում՝ նաեւ Տիգրան Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան