ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ և պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, և, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:
2. Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարեւորագույն խնդիրների հարցում:
3. Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը: