Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին հանձնաժողովից:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013թ. դեկտեմբերի 24-ից հանձնաժողովի վարույթում է գտնվում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Գործով զեկուցող է նշանակված հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով հանձնաժողովին պետք է ներկայացնի որոշման նախագիծ:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում Մ.Բադեյանը, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։

 

Տարեվերջին հանձնաժողովին դիմել են նաև մի խումբ լրագրողներ՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Այս դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցին ևս անդրադարձ կլինի առաջիկայում:

 

Ըստ դիմումատուների՝ իրենք հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ Ա.Մովսիսյանի վարքագծի վրա: Լրագրողները խնդրել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել իրենց դիմումը, կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, ում վիրավորել է:

 

Դիմումում, մասնավորապես, ասված է.

 

«2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել' պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ նույնպես պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք լրագրողների կարծիքով' լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

 

Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նիստն ընդմիջվել է պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջով: Ընդմիջումից հետո՝ նշված համաձայնագրերի քվեարկության ընթացքում, լրագրողական օթյակում գտնվող մեկ տասնյակից ավելի լրագրողներ շարունակել են բողոքի ձայն բարձրացնել' պաստառներ պարզելով և բռունցքներով հարվածելով օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին:

 

Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այդ պահին անվայելուչ արտահայտություն է հնչեցրել' կոչ անելով հեռացնել բողոքի ձևով իրենց կարծիքն արտահայտող լրագրողներին:

 

Ներքոստորագրյալներս գտնում ենք, որ Առաքել Մովսիսյանը կոպտորեն խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները' Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում օգտագործելով անպարկեշտ բառապաշար և վիրավորելով նիստը լուսաբանող, ինչպես նաև' իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող լրագրողների արժանապատվությունը»: