Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12-ի նիստում որոշում կայացրեց հարկային արտոնություն տալ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին և բավարարեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար եւ 380.2 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ ընկերությունը պատկանում է Բախտավորյան Անդրանիկին:
Վերջինիս վերաբերյալ մամուլում հետաքրքիր դիտարկումներ կան: Փարաքարցիների խոսքով՝ ժամանակին իր քաղաքական «ակտիվությամբ» ամենաշատն աչքի է ընկնել Առաքել Մովսիսյանի՝ Շմայիսի «տասովչիկներից» Փարաքար-Թաիրով գյուղի բնակիչ Անդրանիկ Բախտավորյանը, որը հայտնի է «Ղարիբի Անդո» մականունով, որը ճնշումներ է գործադրում քաղաքացիների վրա և նրանց ուղղորդում քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի օգտին: Հիշեցնենք նաև, որ Անդրանիկ Բախտավորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Թաիրով համայնքի դպրոցում մասնակցում էր Առաքել Մովսիսյանի քարոզարշավին:
Ընկերության հասցեն էլ կասկածի տեղիք չի թողնում:
Ընտրողների ռեգիստրում էլ ընդամենը մեկ քաղաքացի կա Անդրանիկ Բախտավորյան անուն-ազգանունով:
Ստացվում է՝ մի կողմից իշխանություններն ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում են նախկիններին սևացնելու համար, սակայն արի ու տես, որ կառավարության մակարդակով արտոնություն տրամադրելու որոշում է կայացվում ՀՀԿ-ի հետ բավականին սերտ կապեր ունեցող անձանցից մեկին: