Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանը մտահոգված է այն փաստով, որ Սիրիայի ընդդիմությունը ձգձգում է համաժողովին մասնակցելու իր որոշումը : Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք անհանգստացած ենք, որ Սիրիայի ընդդիմությունը հետաձգում է «Ժնև -2»-ին իր մասնակցության հարցի կոնկրետացումը»,-ասել է Լավրովը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ:

 

Լավրովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արդեն իսկ հրավերներն ուղարկել է «Ժնև 2»-ի մասնակիցներին:

 

«Սիրիայի կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունը և հայտարարել է իր պատվիրակության կազմի մասին», -ասել է Լավրովը:

 

Ըստ նրա՝ Քերին ու Բրահիմին մեծապես հանդես են գալիս նրա օգտին, որ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսն անցկացվի հունվարի 22-ին:

 

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան դեռևս հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք նրա ներկայացուցիչները կմասնակցեն «Ժնև-2» միջազգային կոնֆերանսին:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, Փարիզում մեկնարկել է եռակողմ հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև: