Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառումով եզրափակվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած և շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում ընթացող Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված ծրագիրը:
Հին տոմարով նոր տարվա օրը՝ սկսած ժամը 20:00-ից, երևանցիներին ուրախացնելու և նրանց հետ տոնական տրամադրությունը համերգային ծրագրի իրենց կատարումներով կիսելու էին եկել սիրված ու ճանաչված երգիչներ, էստրադային ու ժողովրդական համույթներ:
Պարահրապարակի վերածված Հանրապետության հրապարակում ողջ երեկոյի ընթացքում բարձր տրամադրություն էր:
Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները կազմակերպվել և անցել են հավուր պատշաճի:
Հիշեցնենք, որ ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 17-ին'դարձյալ Հանրապետության հրապարակում, ուր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավոր պայմաններում միացրել էր գլխավոր եղևնու լույսերն ու մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը:
Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ մայրաքաղաքի վարչական շրջաններում: 2014 թվականի գալուստը ևս մեկ անգամ ազդարարվել է շքեղ հրավառությամբ, որով էլ ամփոփվել է տոնական միջոցառումների շարքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն