Ադրբեջանը հրապարակել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1991-1994թթ. զոհվածների թիվը: Այսպես՝ նշված ժամանակահատվածում, ըստ պաշտոնական Բաքվի, հայ-ադրբեջանական սահամանին մահացել է ադրբեջանական բանակի 11557 զինծառայող:

 

Ադրբեջանի բանակ զորակոչման և մոբիլիզացման պետական ծառայության կայքում տեղադրվել են ռազմական գործողությունների մասնակիցների անունները, հաղորդում է APA գործակալությունը:

 

Ադրբեջանն առաջին անգամ է պաշտոնական տվյալները հրապարակում:

 

Ցուցակում ընդգրկված չեն պատերազմի ընթացքում մահացած քաղաքացիական անձանց անունները:

 

Ռուսական lenta.ru կայքը, լայն վերլուծությամբ անդրադառնալով թեմային, նշել է, որ նախկինում պատերազմի ընթացքում մահացած ադրբեջանցիների հստակ թվի և նրանց ազգանունների մասին պաշտոնական տեղեկատվություն գտնել հնարավոր չէր: Պետության առաջին դեմքերը հակասական տվյալներ էին հրապարակում: Այսպես՝ 1993թ. հոկտեմբերի 27-ին այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Բաքվում Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հետ հանդիպմանը հայատարարել էր, որ պատերազմի ընթացքում մահացել է 11 հազ. ադրբեջանցի և վիրավորվել 25 հազ.-ը: Դրանից մեկ շաբաթ հետո հեռուսատատեսությամբ ելույթի ընթացքում Ալիևը հայտարարել է 16 հազ. մահացածների և 22 հազ. վիրավորների մասին: 1993թ. դեկտեմբերի 24-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթաժողովին հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում մահացել է 18 հազ. ադրբեջանցի և վիրավորվել 50 հազ.-ը: 1994թ. պաշտոնական հանդիպումների ընթացքում Ալիևը մահացածների թիվը հասցրել էր 21 հազ.-ի:

 

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը 2011թ. «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում մահացած ադրբեջանցիների վերաբերյալ տարբեր տվայլներ կան,սակայն մահացել կամ անհետ կորել է 12-15 հազ. ադրբեջանցի:

 

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները արտոնություններ ունեն և նախագահի նշանակած ամսական նպաստ են ստանում: