Եվրասիական զարգացման բանկն ուսումնասիրություն է իրականացրել Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու կապակցությամբ, ազդարարելով՝ ըստ բերվող ցուցանիշների ու հեռանկարների, որ Հայաստանն ուղղակի տնտեսական դրախտում է հայտնվելու:
Ուսումնասիրության մեջ հատկապես ուշագրավ է աշխատանքային միասնական շուկայի ձեւավորման մասին պարբերությունը: Նշվում է, որ Հայաստանի հիմնական շահերից մեկը լինելու է մուտքը աշխատանքի միասնական շուկա: Ասվում է, որ միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ համաձայնություններն աշխատանքային միգրացիայի ոլորտում ուղղված են մասնակից պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը:
Հայտնվում է, որ Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը, տրանսֆերտների 85 տոկոսը Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների ուղարկած փողն է: Միասնական տնտեսական տարածքին միանալը, ըստ ուսումնասիրության, Հայաստանի համար կապահովի այդ տրանսֆերտների աճ տարեկան մոտ 40 միլիոն դոլարով:
Ուշադրության է պետք արժանացնել հատկապես այն, որ դա համարվում է միասնական տնտեսական տարածքից Հայաստանի հիմնական օգուտներից մեկը:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ օգուտը: Ինչի՞ հաշվին պետք է ավելանան տրանսֆերտները Հայաստանի համար: «Խոպանչիների» եկամուտի՞ ավելացման: Իհարկե ոչ: Պարզորոշ նշվում է՝ մասնակից-պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորման: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Բելառուսները, ղազախներն ու ռուսները պետք է գան Հայաստանում աշխատելու՞: Իհարկե ոչ: Հայաստանցիներն են ավելի մեծ ծավալով գնալու Ռուսաստան եւ ավելացնեն Հայաստան ուղարկվող տրանսֆերտները:
Այսինքն, միասնական տնտեսական տարածքի հիմնական «էֆեկտը» Հայաստանի համար լինելու է այն, որ ավելի շատ մարդիկ են մեկնելու արտագնա աշխատանքի:
Ռուսաստանն արդեն հոգում է ավելի շատ միգրանտներ կլանելու պայմանների մասին: Մասնավորապես, օրերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարեց, որ շատ մոտ ապագայում Ռուսաստանը վիզային ռեժիմ է կիրառելու ԱՊՀ երկրների համար: Հասկանալի է, որ Մաքսային միության երկրների համար կարվի բացառություն: Այսինքն, բարդացնելով պայմաններն ԱՊՀ այլ միգրանտների համար, Ռուսաստանը ավելի մեծ դաշտ է առաջարկում Մաքսային միության երկրներից սպասվող միգրանտներին, ինչը կենթադրի նոր հոսք:
Եթե կոնկրետ խոսենք Հայաստանի մասին, ապա սա լիովին տեղավորվում է Հայաստանի եւ Կովկասի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության տրամաբանության մեջ: ՌԴ նախագահ Պուտինի վերջին հայաստանյան պետական այցը վկայեց, որ Ռուսաստանի համար Հայաստանն ընդամենը զորանոց է, որտեղ զորանոցները սպասարկող անձնակազմից ավելի մարդ պահել պետք չէ, եթե մյուսներն ուզում են ապրել, ուրեմն թող գան Ռուսաստան եւ այնտեղից միեւնույն ժամանակ պահեն զորանոց սպասարկողներին:
Միեւնույն ժամանակ, սակայն, ՌԴ միգրացիոն քաղաքականությունն իհարկե ուղղված չէ զուտ Հայաստանի դեմ: Տարիներ առաջ ռուսական ուսումնասիրությունների արդյունքներ հրապարակվեցին, ըստ որի Ռուսաստանին տնտեսական եւ դեմոգրաֆիական մի շարք կարեւոր խնդիրներ լուծելու համար տարեկան անհրաժեշտ է ավելի քան 300 հազար աշխատանքային միգրանտի հոսք: Ռուսաստանը միասնական տնտեսական տարածքով փորձելու է բնականաբար լուծել նաեւ այդ հարցը: Թեեւ չի բացառվում, որ Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվեն այդ հարցում Ռուսաստանի կարիքները հոգալուց, եւ ամեն ինչ մնա Հայաստանի վրա՝ Արցախ «պահեստային նստարանով»:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ