Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր թանգարաններ տոնական տարատեսակ միջոցառումներով պատրաստվում են մայիսի 17-ին և 18-ին կայանալիք «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր իրադարձություններին: Միջոցառումներին ընդառաջ' մայիսի 16-ին անցկացվեց «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացություն, թե բարգավաճում» թեմայով Մոսկվա-Երևան-Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջ: Հայկական կողմից տեսակամուրջին մասնակցեցին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Տեսակամուրջի մասնակից բոլոր երկրները միմյանց շնորհավորեցին թանգարանային տոնի առթիվ:

 

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը շնորհավորեց տեսակամուրջի բոլոր մասնակիցներին տոնի առթիվ: «Հայաստանում արդեն 10-րդ տարին անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Եթե 2005 թվականին այս իրադարձությանը մասնակցում էր 9 թանգարան, ապա այս տարի մասնակից մշակութային օջախների թիվը 101 է: Բացի այդ, մասնակցում են նաև 9 թանգարան Արցախում: Բոլոր թանգարանները մինչև կեսգիշեր բաց են լինելու, ակցիան անվճար է, ունի լուսավորչական և կրթական նշանակություն: Մեզ մոտ բազմաթիվ ցուցահանդեսներ են լինելու: Սա մշակութային տոն է, բոլորը սպասում են իրադարձությանը»,- նշեց Արև Սամուելյանը:

 

Մշակույթի փոխնախարարն ընդգծեց, որ տարեցտարի միջոցառումների և իրադարձությունները թիվն աճում է, և բոլորը սպասում են այս տոնին:

 

Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդծեց, որ Խաչատրյանը միավորում է բոլոր երկրները և հավելեց, որ նախորդ տարի թանգարանում և ամբողջ աշխարհում նշվել է Խաչատրյանի 100-ամյա հոբելյանը: Մշակութային օջախում թանգարանների տոներին մեծ անհամբերությամբ են սպասում, իրադարձությունների թիվն աճել է և թանգարանների միջև մրցակցություն է առկա:

 

Ռուսաստանի պետական պատմության թանգարանի տնօրենի տեղակալ Իրինա Ալեքսեևան ներկաներին հիշեցրեց, որ այս տարի Ռուսաստանում հայտարարվել է մշակույթի տարի: «Այս տարի իրականացվելիք ծրագրերը ոչ միայն թանգարանային են: Կանցկացնենք թատերական, երաժշտական միջոցառումներ, մշակութային փառատոններ, նոր թեմատիկ էքսկուրսիաներ, համերգային ծրագրեր, ինչպես նաև վարպետության դասեր' ցուցահանդեսների ընթացքում»,-նշեց Ալեքսեևան:

 

Ռուսական կողմը մասնակից թանգարաններին հրավիրեց «Ինտերթանգարան» փառատոնին:

 

Վրաստանի մշակույթի նախարարի թանգարանների հարցերով խորհրդական Ինգա Կարայան ընդգծեց, որ իրենց երկրում նախատեսում են անցկացնել միջոցառումների շարք: Նախատեսված են նոր ցուցադրություններ, լուսավորական ծրագրեր Վրաստանի բոլոր քաղաքների թանգարաններում:

 

Երեք երկրների ներկայացուցիչները կարևորեցին իրադարձության անցկացումը: