Ֆիզիկայի ոլորտի մի քանի փորձագետներ հրաժարվել են լաբորատոր պայմաններում ստուգել գազի կալորիականությունը և որակը' պատճառաբանելով, որ իրենց կազատեն աշխատանքից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը' խոսելով գազի որակի մասին:

 

Նշենք, որ վերոնշյալ քաղաքացիական նախաձեռնության անդամները սկսել են ուսումնասիրել, գազի որակի հետ կապված, քաղաքացիների բողոքներն ու խնդիրները' բացահայտելով մի քանի ուշագրավ գործոններ: Մասնավորապես' քաղաքացիական նախաձեռնության անդամները, դիտարկելով 2013թ. դեկտեմբերի կեսերին ՀՀ քաղաքացիների բողոքները' գազի որակի հետ կապված, որոշեցին դիմել փորձագետների' պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում իրականում: Քաղաքացիները մինչ օրս բողոքում են, որ գազօջախի վրա կերակուրը սովորականից ավելի ուշ է եփվում, իսկ գազով աշխատող տաքացուցիչները նախկինի պես ջերմություն չեն հաղորդում:

 

Քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ֆիզիկայի բնագավառի մի քանի փորձագետների, որպեսզի նրանք լաբորատոր ուսունասիրություններ կատարեն' գազի կալորիականության հետ կապված: Թեև փորձագետները նշել են, որ շատ հնարավոր է' «գազի հետ ուրիշ բան խառնեն», սակայն հրաժարվել են կատարել ուսումնասիրությունը' պատճառաբանելով, որ իրենց կազատեն աշխատանքից:

 

«Պետական գիտական հաստատություններում 60 կամ 70 հազար դրամ աշխատավարձ ստացող գիտաշխատողը, բնականաբար, չի համարձակվի նման հետազոտություն անցկացնել, որը պետք է հրապարակվի, աղմուկ առաջացնի, նախապես գիտակցելով, որ նման աղմուկի արդյունքում իրեն աշխատանքից կազատեն: Նրանք ասում են' «Հայռուսգազարդ»-ին (հիմա արդեն' «Գազպրոմ Արմենիա») դեմ գնալը նույնն է, թե ուզենաս գլխով ջարդել չինական պատը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ համանման իրավիճակ եղել է Ուկրաինայում և Ռուսաստանում, երբ մի շարք գյուղերի մատակարարվել է անորակ գազ, սակայն այդ գյուղերի բնակիչները ոտքի են կանգնել, բողոքել, ինչից հետո խնդիրը լուծվել է: Թեև պետությունը չի խոստովանել, որ մատակարարել է անորակ գազ, բայց բնակիչների բողոքից հետո սկսել են նորմալ գազ մատակարարել:

 

Դիտարկմանը, թե «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները պնդում են, որ քաղաքացիներին մատակարարվող գազը ստուգվել է իրենց լաբորատորիայում, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ գազի որակի ստուգումներ իրականացնող լաբորատորիան պատկանում է հենց «Գազպրոմ Արմենիա»-ին, և ստացվում է, որ իրենք իրենց են ստուգում:

 

«Հայռուսգազարդ»-ում աշխատող իմ ծանոթներից մեկը, որի անունը, բնականաբար, չեմ կարող տալ, որովհետև աշխատանքից կազատեն, ասել է, որ «Հայռուսգազարդ»-ը մայիս ամսին ձեռք է բերել «հրաշք» օդամուղ սարք' մոտ կես միլիոն դոլար արժեքով, որի միջոցով էլ «բարձր» որակի գազ ենք ստանում: Քաղաքացին ինքը չի կարող գազի որակը ստուգել, որովհետև նման լաբորատորիայի գինը մոտ 50 հազար եվրո է»,- ասաց Վահան Մարտիրոսյանը' հավելելով, որ գազ սպառող խոշոր հարկատուները ևս աղմուկ չեն բարձրացնի անորակ գազ ստանալու դեպքում, որովհետև այդ ընկերությունների տնօրինությունները իշխանամետ են կամ իշխանությունների լծակներից կախված:

 

Նա նշեց, որ անորակ գազի մատակարարման արդյունքում շարքից դուրս են գալիս քաղաքացիների վառարանները: Ըստ նրա' մատակարարվող գազը ճնշում չունի, և եթե գազի ճնշումը քիչ է, քաղաքացին ավելի շատ է ծախսում այն: «Այսօր մարդիկ օգտագործում են կիսաօդ-կիսագազ: Բացի այն, որ, գազը թանկացնելով, մարդկանց կլպում են, նրանց նաեւ ստիպում են վճարել մի բանի համար, որը չկա»,- ասաց Վահան Մարտիրոսյանը' հավելելով, որ առաջիկայում նախաձեռնելու են իրազեկման գործողություններ, որպեսզի քաղաքացիներն անհնազանդության ակցիաների միջոցով ստիպեն գազ մատակարարողներին սթափվել ու որակյալ գազ մատակարարել: