Հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը:
Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։ Այս մասին Ռազմինֆոյին հետ զրույցում ասաց Այգեպարի մեր ունեցած աղբյուրը:
«Հակառակորդը նպատակաուղղված ինտենսիվ կրակում էր տներին, տանիքներին: Հետևում էինք, որ կրակոցներից հանկարծ հրդեհ չբռնկվի։ Այս պահին կրակոցները դադարել են», — նշեցին Այգեպարից:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղից Ռազմինֆոյին պատմեցին, որ հակառակորդը սկսել է ակտիվորեն կրակել մոտավորապես երեկոյան ժամը 21:00-ից.
«Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր», — ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահին ադրբեջանցիները պարբերաբար կրակում են»: