Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ 2013-ի տարվա ամփոփիչ ասուլիսով:

 

Վերջինս` ամփոփելով տարին, նշեց, որ 2013-ը վստահաբար կարելի է համարել խաղաղության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման տարի:

 

«Ինչպես գիտեք, հակառակորդը 2013-ի ընթացքում մի քանի դիվերսիոն հարձակումներ անցկացրեց, ունեցանք կորուստներ: Անչափ ծանր է յուրաքանչյուրի կորուստը: Ես հպարտանում եմ նրանց ծնողներով, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերել: Հպարտ եմ, որ կարող ենք բարձրաձայն ասել' մեր մարտական հոգին անմար է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ հակառակորդը մեր մարդկային կորուստներից յուրաքանչյուրի համար հակահարված է ստացել:

 

Պաշտպանության նախարարի խոսքով` 2013-ը առանցքային ձեռքբերումների տարի էր:

 

«Զորքերի մարտական պատրաստակամության բարձրացմանը նպաստել են տարվա ընթացքում իրականացված տարբեր մարզումներ ու զորավարժություններ: 2013-ին մենք շարունակել ենք մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ մեր աշխատանքները' ոչ միայն սահմանների պաշտպանության, այլ նաև նյութատեխնիկական խնդիրների, հակառակորդին հետախուզելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ուղղությամբ: Մենք ուշադրություն ենք դարձնում սպաների, ենթասպաների ռազմական կրթությանը: Հայ զինվորն այսօր արդեն լավ է հասկանում, որ միայն որակյալ ուսուցմամբ կարող է հակառակորդի նկատմամբ պահպանել գերազանցությունը:

 

Մյուս կողմից` զորքերի մարտական պատրաստականության բարձրացման համար շատ կարևոր է գաղափարական պատրաստվածությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը: