Ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես' կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:
Խնդիրն այն է, որ Քաղաքաշինության նախարարությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դպրոցի հիմնանորոգման համար, որում նախատեսված չի եղել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովումը: Սխալ հայտի հիման վրա քաղաքապետարանը տվել է առաջադրանք և, արդյունքում, դպրոցի հիմնանորոգումն իրականցվել է շինարարական նորմերի խախտմամբ: Մինչդեռ, օրենսդրությամբ նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համապատասխանում է սահմանված շինարարական նորմերին և օրենքի պահանջներին:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի գործողություններով խախտվել են ամեն օր դպրոց հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և Օմբուդսմենը կայացրել է խախտման մասին որոշում:
ՄԻՊ գրասենյակ