Lragir.am. Սյունիքի մարզում կենսաթոշակառուների շրջանում ամենատարածված հիվանդությունները սրտի անբավարար աշխատանքն ու հիպերտոնիան է, որոնց դեպքում անվճար դեղորայք չի տրամադրովում: Սա Սյունիքի մարզում առկա խնդիրներից մեկն է, որին անդրադարձել են «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի ներկայացուցիչները:
Ծրագիրն իրականացվել է «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի տարբեր մարզերում՝այդ այդ թվում նաեւ Սյունիքի մարզում:
«Սալվարդ» հիմնադրամը և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն 2011թվականին ուսումնասիրություն էին անցկացրել Սիսիան և Գորիս քաղաքների հինգ բուժամբուլատորիաներում: Նրանք պարզել էին, որ բուժամբուլատորիաներում հիմնականում բացակայում են կոմունալ կենցաղային պայմանները՝ չկա սանհանգույց, ջեռուցումը թերի է, կամ մեկ բուժկետ անգամ, որը չունի էլեկտրականություն, իսկ հեռախոսակապ չկա ոչ մի բուժկետում:
Սյունիքի մարզում կան նաեւ ներառական կրթության խնդիրներ: Մարզում գործում են ներառական դպրոցներ, բայց կան երեխաներ, ովքեր բնակվում են այդ դպրոցներից հեռու՝ գյուղերում եւ զրկված են օրենքով կրթություն ստանալու իրավունքից:
Չնայած հաշմանդամություն ունեցող երեխաների բուժումն անվճար է Հայաստանում, Կապանում կան ծնողներ, ովքեր բուժման համար վճարում են:
Նույն աշխատության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թերապիայի համար 11 մարդ վճարել է 5000 - 90.000 դրամ, 4 հոգի խորհրդատվության համար վճարել է 20- 50.000 դրամ: 20 հոգի դեղորայքի համար ծախսել է 5000 - 160.000 դրամ, տարբեր սարքավորումներ ձեռք բերելու համար 12 հոգի ծախսել է 13.000 - 600.000դրամ: Վերականգնողական բուժման համար 6 ծնողի վճարել է 15.000 - 250.000։
Վերականգնողական բուժում մեր տարածքում չի իրականացվում, այն դեպքում երբ երեխաները դրա կարիքն ունեն, իսկ վճարովի ծառայություններից ծնողները չեն կարող օգտվել, քանի որ ունեն սոցիալական խնդիրներ: Արդյունքում հարցման մասնակիցների 45,6%-ը դիմում է բժշկի կես տարին մեկ, իսկ 28,9 %-ը' տարին մեկ անգամ:
Նշենք, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով՝ պետությունը ճանաչում է երեխայի' առողջապահության առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունքը:
Իսկ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են գիտակցել, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր որակի ծառայությունների ստացման իրավունք: Այս իրավունքները սահմամնված են նաև տեղական օրենսդրությամբ:
Երեխաների մեծ մասը բուժումը ստանում է մայրաքաղաքի հիվանդանոցներում, որովհետև Կապանի հիվանդանոցը և պոլիկլինիկան չունեն նրանց սպասարկելու համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ: Դա հատկապես վերաբերում է վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ ծառայություններին, նաև ծանր վիրահատություններին: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի զգալի մասն արտոնագրված չէ ՀՀ-ում և հնարավոր է գնել միայն որոշ դեղատներում կամ հանրապետությունից դուրս:
Զեկույցն անդրադարձել է նաև հետևյալ թերությանը. Կապանում և Քաջարանում հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ առանձնացված տվյալների բազա գոյություն չունի, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկման վերաբերյալ վիճակագրական տվյալները չեն գրանցվում:
«Կապանի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում և Կապանի պոլիկլինիկայում չկան թեքահարթակներ, իսկ բուժզննման սենյակները հիմնականում գտնվում են երկրորդ և երրորդ հարկերում, չկան վերելակներ: Հիվանդների համար թեև կային բավարար թվով նստարաններ, սակայն դրանք հին են և ոչ հարմարավետ նստելու համար, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սանհանգույցների վիճակը բավարար է, սակայն դրանք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին»,- նշված է զեկույցի մեջ:  

Կարինե Իոնեսյան