lragir.am Եվ Հայաստանը, և Եվրամիությունն ունեն դրական ցանկություն՝ առաջ տանելու հարաբերությունները: Այս մասին ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Ջոնաթան Էյվսը նշեց, որ թե հայկական կողմը, թե ԵՄ-ն քննարկում են այն իրադրությունը, որն ստեղծվել է սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը: «Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարող ենք առաջ տանել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Խոսելով որպես ԵՄ անդամ-պետության ներկայացուցիչ՝ մեզ հուզում է այն, որ հայկական կառավարության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չի փոխել իրենց ցանկությունը՝ սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ասաց Ջոնաթան Էյվսը: Նա կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն կարձագանքի Հայաստանի իշխանության վերոնշյալ պնդումներին: Միաժամանակ դեսպանը նշեց, որ ԵՄ երկրների իր գործընկերներից հիասթափություն, նույնիսկ զարմանք արտահայտող կարծիքներ է լսել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ: «Անձնապես ես կուզենայի խրախուսել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ և պարզ առաջարկներով հանդես գալ, թե իրենք որ բնագավառներում են տեսնում մեր ապագա համագործակցությունը, և որոնք են Հայաստանի առաջնահերթությունները»,- ասաց Ջոնաթան Էյվսը: