Lragir.am-ը զրուցել է «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր, Free car ակցիայի կազմակերպիչներից Ալեն Սիմոնյանի հետ վերջին օրերին ծավալվող իրադարձություններից
Ալեն, հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարում հանրությունը հաղթանակ գրանցեց: Ինչո՞ւ հենց ուղեվարձի գինը նման իրավիճակ առաջացրեց:
Սա հավաքված էներգիայի պոռթկում էր. մի կողմից Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը, Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նման վերաբերմունքը, գազի գնի բարձրացումը, իսկ մյուս կողմից՝ ուղեվարձի թանկացումը, որով մտան քաղաքացիների գրպանը և խնդիրը շոշափելի դարձրին, հանգեցրին նման պոռթկման: Բնականաբար մեծ դեր խաղացին տարբեր կողմերի առանձին գործողությունները՝ շոու բիզնեսի աստղերի գործությունները, նոր երիտասարդների ի հայտ գալը, որոնք ներգրավված էին պայքարին, և որը տվեց իր արդյունքը: Որոշ քաղաքական ուժեր փորձեցին օգտվել ստեղծված իրավիճակից, բայց միևնույն ժամանակ չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել՝ իշխանություններն այս անգամ թույլ տվեցին շատ բաներ, որ նախկինում թույլ չէին տա և միգուցե հետագայում էլ թույլ չեն տա: Քաղաքական որոշում էր կայացվել լրատվական դաշտն առավելագույնը բացելու, և արդյունքում որոշումը ժամանակավորապես դադարեցվեց, բայց ես չեմ կարծում՝ այն ժամանակավորապես է կասեցվել:
Ըստ Ձեզ, ինչո՞ւ հանկարծ շոու բիզնեսը որոշեց միանալ այս ակցիային: Հնարավո՞ր է՝ հասարակության մեջ տեղի ունեցող պրոցեսները սկսել են շոու բիզեսում էլ ճեղքեր տալ:
Ես ինձ շոու բիզնես չեմ համարում, իսկ ասել, որ շոու բիզեսը ներգրավված էր, մի փոքր ուռճացված է: Free car ակցիան Հայկոն և ես սկսեցինք, բայց դա քաղաքական ակցիա չէր, սա քաղաքացիական ակցիա էր, որի հաջողության գրավականն այն չքաղաքականացնելն էր: Այսինքն՝ չկար հրաժակարանների պահանջ, կար ակցիա անելու որոշում, որով ցույց կտայինք մեր անհամաձայնությունը և միևնույն ժամանակ կօգնեինք մեր քաղաքացիներին: Առաջին օրն ինքս վստահ չէի, որ ինչ-որ բան կլինի, և երբ ուղևորափոխադրում էի իրականացնում, ինձ հարցնում էին՝ ինչ ես կարծում՝ կստացվի՞, թե ոչ, և ես խուսափում էի պատասխանից: Արդեն երկրորդ-երրորդ օրերից սկսեցի վստահ լինել, որ ստացվելու է: Ինչ-որ մարդիկ փորձեցին պահը բաց չթողնել և դրական լույսի ներքո հանդես գալ, բայց դրանք հատուկենտ մարդիկ էին, իսկ մեծամասամբ միացան՝ հասկանալով, որ դա անհրաժեշտ է, և հասկացան, որ այս ակցիան քաղաքապետի ապօրինի որոշման և ներքևի օղակների դեմ է: Եվ ամբողջ պետական մեքենան մեծ հաշվով աջակցեց:
Ալեն, որո՞նք պետք է լինեն հետագա քայլերը, հիմա ակտիվիստները պահանջում են Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ճիշտ գնում պայքարի ռազմավարությունը:
Նախ, իշխանությունը սխալ արեց՝ լարվածությունն այս աստիճանի հասցնելով, երկրորդ-երրորդ օրից պարզ էր՝ սրա վերջը ինչ է լինելու: Չէ՞ որ իշխանությունը պետք է ունենա համապատասխան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն իրավիճակի ճիշտ գնահատմամբ, պետք է հասկանային, որ չի ստացվում իրենց մոտ և շատ արագ պետք է լուծում տային: Նախ ուշացած գնահատեցին, չհավատացին, որ կարող է նման իրավիճակից չկարողանան դուրս գալ: Եվ լարվածությունը հասավ այն աստիճանի, որ հետագայում որոշումը չեղյալ հայտարարելու դեպքում էլ այդ լարվածությունը մինչև վերջ չմարեց: Ինչ վերաբերում է Նավասարդյանին և մյուս պաշտոնյաներին, բնականաբար մի քանի գլուխ պետք է «թռցնել» հենց միայն նրա համար, որ սա կարող էր շատ անդառնալի հետեւանքների հանգեցնել: Մենք ականատես եղանք, որ կառավարության ղեկավարը մեծ հաշվով սատարեց քաղաքացիական ակտիվին, և չնայած դրան՝ ինձ համար անսպասելի, քաղաքացիները, որևէ մեկի կողմից չուղղորդված, գնացին դեպի կառավարության շենք, այսինքն՝ նման քաղաքական գործիչը, որը չի կանխատեսում, որ սա կարող է ամբողջ պետական համակարգի համար անդառնալի հետևանքներ ունենա, չպետք է աշխատի, նման պետական գործիչը լինելով գծատեր, որը թողնում է իր աշխատասենյակը և հանդես է գալիս որպես գծատերերի փաստաբան, հարձակվում է, վիրավորում, հայհոյում, 18-19 տարեկան աղջիկների և տղաների հետ կռվի է բռնվում, նման պարագայում նորմալ զարգացած երկրում շատ-շատ գլուխներ կթռնեին: Իսկ մնացածը թող իշխանությունը որոշի՝ արդյոք իրեն ձեռք են տալիս այն չինովնիկները, ովքեր այսօր ծիծաղի, ծաղրանքի և ոչ կոմպետենտության մարմնացում են հանդիսանում:
Ալեն, այսօրվա էներգետիկան ինչպե՞ս կարելի է պահել, որ այն չմարի: Հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
Էվոլյուցիան ու բնական գործընթացները հաճախ պատասխաններ են տալիս: Մաշտոցի պուրակը փոքր, բայց անխուսափելի հաղթանակ էր, հիմա մի քիչ ավելի մեծ հաղթանակ եղավ: Բնականաբար, Մաշտոցի պուրակի և այս հաղթանակի միջև մի շարք ընդվզումներ, միջոցառումներ եղան, բայց մենք դա նույնիսկ չենք կարող մտաբերել հիմա: Այս պարագայում մեկը մյուսին չի խանգարի, և այս ընդվզումը, որը հիմա շարունակվում է քաղաքապետարանի առջև, ինձ համար և հասկանալի է, և ընդունելի:
Դուք է՞լ եք միանում Հենրիկ Նավասարդյանի հրաժարականի պահանջին:
Ինչպես կարող եմ չմիանալ, երբ նա իրեն չինովնիկին բնորոշ կերպով չի պահել, երբ նա հանդես էր եկել գծատերերի փաստաբանի դերում, ոչ միայն նրա հրաժարականը, այլ շատ-շատերի հրաժարականը պետք է պահանջել: Երբ դու որոշումը հետողորմյա ես անում, դրանով դու ընդունում ես, որ ինչ-որ բան սխալ ես արել, իսկ ո՞վ պետք է այդ սխալի համար պատասխան տա, հասարակ քաղաքացի՞ն, որ չորս-հինգ օր հիսուն դրամ ավել վճարեց: Պետք է դրա պատասխանը տան, որ մեր քաղաքացին վստահ լինի՝ գոյություն ունի պետություն, համակարգ: Եթե Մաշտոցի պուրակից հետո մենք մինչև վերջ պահանջատեր լինեինք «Տարո՛ն ջան, սիրուն չի» գաղափարի իրավական ձևակերպմանը, ինչպես նաև հիմա, երբ պահանջատեր ենք լինում, դա կանխում է հետագայում նման դեպքերը և նման գործողությունները: Լինի այսօրվա թե վաղվա իշխանությունը, նա տեսնում է, որ «մեր դեմ խաղ չկա» գաղափարը մնացել է հետևում:
Մենք տեսնում ենք՝ ինչպես է հասունանում ազատության սերունդը, ինչպես է փողոց դուրս գալիս, ինչպես է պահանջատեր լինում, չէ՞ որ մենք ազատվեցինք Սովետական Միությունից, հռչակեցինք մեր անկախությունը, բայց մենք չունեցանք սերնդափոխություն: Սա նորմալ երևույթ էր, և և հիմա այս սերնդին տրվել է ազատություն, և նա եկել է այդ ազատությունը վերցնելու:
Որոնք էլ առաջիկա տարիներին քաղաքականության մեջ կսկսեն դերակատարություն ունենա՞լ:
Չնայած ծնվել եմ Սովետական Միությունում, բայց փոքր եմ եղել և Սովետական Միության համակարգի ազդեցությունն ինձ վրա չեմ զգացել, մաքսիմալ լավն եմ քաղել Սովետական Միությունից, բայց ես ինձ համարում եմ երիտասարդ, և մտնելու եմ քաղաքականության մեջ՝ չնայած չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ, ես ուզում եմ զբաղվել իմ գործով, որն ինձ ավելի շատ հանգստություն, քան լարվածություն կբերի, բայց ես ստիպված եմ զբաղվել քաղաքականությամբ, որ իմ երեխան զբաղվի նրանով, ինչով ինքն է ուզում զբաղվել: Յուրաքանչյուրս ստիպված ենք այսօր զբաղվել քաղաքականությամբ, և երբ կսկսենք լավ ապրել, և տրանսպորտի գնի թանկացումը մեր քաղաքացու վրա չի երևա, այդ ժամանակ ես էլ չեմ զբաղվի քաղաքանությամբ:
Ալեն, կարծիք կա, որ իշխանության ներսում կա խնդիր, ինչը նկատվեց այս պարագայում, Տարոն Մարգարյանի՝ ընտրություններից հետո գրանցված հաջողությունը զրոյացնելու խնդիր է դրված:
Ներսում կա խնդիր, որը կոչվում է մրցակցություն, ընդդիմություն որպես այդպիսին չկա, բոլոր ընդդիմություններին մինչև վերջ սպանել են, մնացել են անհատներ, որոնք բնականաբար հետագայում կմիավորվեն, և մենք կունենանք նոր ընդդիմադիր դաշտ՝ տարբեր մարդկանցով, տարբեր անհատներով, որոնք այս ժամանակի ֆիլտրի միջով անցնելով՝ չփչացան, չվերածվեցին հաճախորդների, խաբեբաների, ժողովրդի մոտ նրանց նկատմամբ կա դրական վերաբերմունք:
Ինչո՞ւ ընդդիմությունները հաջողություններ մեծ հաշվով չեն կարողացել գրանցել անկախության տարիներին, իսկ քաղաքացիները գրանցում են:
Քաղաքացիական ձախողումների էլ ենք ականատես եղել: Այնպես չէ, որ քաղաքացիական յուրաքանչյուր ընդվզում ավարտվել է հաղթանակով, սա համաքաղաքային դեպք էր, երբ քաղաքն ընդվզեց, և քաղաքապետը հետ քաշվեց, քանի որ այլընտրանք չկար: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ընդդիմությունը ինչու է պառակտվել, վախենում եմ այս հարցին պատասխանել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը… կարծում եմ անհատների խնդիր է եղել, ամեն ինչ դրվել է անհատի վրա, և այդ անհատը սխալ գործողություն է արել, մեկն իր նաիվությունից ելնելով, մյուսը՝ վախկոտությունից, հաջորդը՝ անփորձությունից, մարդկային գործոնը գնացել-կենտրոնացել է մեկ անձի շուրջ ու դարձել է անձերի պայքար, և բնականաբար այն անձը, որն ունեցել է համակարգի աջակցությունը, ավելի շահեկան դիրքերում է հանդես եկել և վերջիվերջո հաղթել է, ունեցել է թվացյալ հաղթանակ, որը սուտ է, և այդ հաղթանակի հերոսները նույնպես սուտ են:
Սիրանույշ Պապյան