Աստված մարդուն անիծի մեկնաբանել անցումային ժամանակները, որոնք չեն ավարտվում աշխարհի մեր հատվածում։
Երեք շաբաթ առաջ, «Եվրամիությունը սիկտ.րի ճամփին» նոթում ես համոզմունք էի հայտնում, որ սկսվել է հետհաշվարկը՝ Ուկրաինային մնացել է օլիմպիադայի երկու շաբաթը, որպեսզի հասցնի ազատվել Յանուկովիչից և երկրում հաստատի Մայդանի ուղղակի ժողովրդավարությունը։

 

Կիևը հասցրե´ց հաղթությամբ ավարտել հեղափոխությունը, հակառակ դեպքում, «փալաս» Յանուկովիչը, ինչպես նրան կոչեց Պուտինի տեղապահ, «ոչ-փալաս» Դմիտրի Մեդվեդևը, ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր, հազարավոր մարդկանց կզոհեր Կրեմլի հրահանգով։

 

Անցյալ կիրակի «Քանի՞ մասի կբաժանվի Ուկրաինան» նոթի վերնագրի հարցին պատասխանել էի, որ ոչ մի մասի էլ չի բաժանվի։ Կարծում էի, որ ներուկրաինական երկխոսությունը կկարգավորեր Կիևի ու «ռուսական» մարզերի միջև ցանկացած հակասություն։ Դժվար էր պատկերացնել, որ սառը բանականությունն էնքան կլքի Պուտինին, որ ռազմական ներխուժման որոշում կայացնի, որպեսզի պատժի ուկրաինացի ժողովրդին - մասնատի երկիրը սեփական քինախնդրությանը հագուրդ տալու համար։ Բայց Պուտինը դիմեց Դաշնային խորհրդին, որ զորք մտցնելու թույլտվություն ստանա, ընդ որում, ոչ միայն Ղրիմի ինքնավարություն, որտեղ իր ռազմաբազան է, այլև ամբողջ Ուկրաինա՝ ուր որ ուզենա։

 

ՌԴ Դաշնային խորհրդին ընդամենը ժամուկես պետք եղավ, որ, ՄԻԱՁԱՅՆ, կայացնի մի որոշում, որի հետևանքը կարող է միջուկային պատերազմը լինել։ Սա չափազանցություն չէ, զինվորական կոչումով ու վերլուծական կենտրոնների տնօրենների պաշտոնով տարբեր խելագարներ արդեն հայտարարում են ռուսական հեռուստաալիքներով, որ հարկ եղած դեպքում միջուկային զենք կկիրառվի։

 

Իսկ ինչպե՞ս է ձևակերպում իր քաղաքական պահանջները Ռուսաստանը, եթե հանկարծ Ուկրաինան որոշի ընկրկել։ Պահանջները Յանուկովիչին ասացրին նախորդ օրվա ասուլիսին։ Նա պահանջեց հարգել իր և ընդդիմության միջև համաձայնությունը, որը ձեռք էր բերվել փետրվարի 21-ին եվրոպական դիվանագետների մասնակցությամբ։ Պուտինի պահանջը նույնն է։ Սա նման է… «Գյուլիստանի պայմանագիրը» հիշելուն… Ականջներդ կանչի, Սերժ Սարգսյան-Զորի Բալայան։ Յանուկովիչի հետ ցանկացած համաձայնություն ոչ թե բառացի, այլ փաստացի պատմության երեկ չէ առաջին օրն է, իսկ նա ինքը որպես քաղաքական գործիչ՝ «հերվա մեռել», որին արգահատանքով մերժում է նույնիսկ «ռուսական» Ուկրաինան։

 

Ռուսաստանում արդեն տարբեր երիտասարդական ու «հայրենասիրական» կազմակերպություններ ռազմական լուծումը պաշտպանող երթեր են նախաձեռնել։ Զարմանալի չի լինի, եթե վաղը «պոգրոմներ» սկսվեն։ Յանուկովիչը հայտարարում էր, որ Ուկրաինան պետք է լինի չեզոք պետություն և տարեց տարի կրճատում էր բանակը, և դա հիմք է տալիս ամպագոռգոռ հայտարարությունների, թե Ուկրաինայի հարցերը լուծելը խաղ ու պար է։
Կան չափավոր ռազմաշունչներ։ Նրանք ասում են, որ Ռուսաստանը կխրվի պարտիզանական պատերազմի մեջ, իսկ Ուկրաինայից բերված առաջին դագաղները կսառեցնեն հասարակության տաք գլուխներին։

 

Տնտեսական տեսակետներ հայտնելիս անկախ РБК տնտեսական հեռուստաալիքն էլ ցրում է առասպելը, թե «ռուսական» մարզերն են պահում Ուկրաինան։ Չքնաղ Ղրիմի բյուջեն… կիսով չափ դոտացիոն է։ Արևելյան արդյունաբերական շրջանները նույնպես դեռ արդյունաբերական են Կիևի սուբսիդավորման շնորհիվ…
Սթափ ձայները բոլորովին հատուկենտ են ՌԴ-ում։ Հայտնի երգիչ Մակարևիչը զգուշացնում է. «Տղերքը կոփվել են արդեն Մայդանում, և գիտեն, թե ինչի համար են կռիվ տալիս՝ իրենց երկրի, իրենց անկախության։ Իսկ մենք ինչի համար՝ Յանուկովիչի՞»։

 

Գրող Միխայիլ Վելլերի կարծիքով, «միջազգային չափերի ահռելի իրադարձություն կդառնա, եթե ռուսական պետությանը բավարարի իր անխելքությունը և Ղրիմում աբխազական տարբերակ սարքի»։ snob.ru-ի հեղինակ Ստանիսլավ Բելկովսկին ախտորոշում է Պուտինին որպես «պաշտպանողական գիտակցությամբ» պարանոյիկ», որը տառապում է «հիպերտոքսիկացիոն շիզոֆրենիայով»։ Իսկ հրապարակման մեկնաբաններից մեկն էլ հարցնում է. «Իսկ ՎՎՊ-ի շրջապատն ի՞նչ է մտածում… Բա Արևմուտքի իրենց ակտիվնե՞րը։ Բա զավակնե՞րն Արևմուտքում։ Բա բնակարաննե՞րը։ Բա գազային խողովակաշա՞րը Ուկրաինայում։ Բա դոլարին քարկապված տնտեսությու՞նը։ Բա ներմուծու՞մը։ Բա «Մերսերը»-վիսկիները-բանե՞րը։

 

Բա արտահանու՞մը։ Բա չինական ներխուժումը Սիբիր։ Բա 2018 թվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությու՞նը։ Թույլ կտան, որ զուգարանի ծակը գցեն ու ջուրը քաշե՞ն»։
Միայն թե պաշտոնականից տարբեր տեսակետները նեղ լսարան ունեն։ Տեղեկատվական մեկուսացվածության իմաստով Ռուսաստանը բռնապետի դրախտ է՝ ռուսաստանցիների չնչին տոկոսն է ազատ տիրապետում օտար լեզուների կամ սովորություն ունի արտասահմանյան աղբյուրների դիմել։ Բացի դրանից, զուտ ռուսական իրողություն է՝ ամեն ընտանիքում զինվորական կա։ Տնտեսական ճգնաժամի տարիներին ես ինքս հազար անգամ լսել եմ տարբեր խոսակցությունների մասնակիցներից, թե Ռուսաստանին կփրկի «մի թեթև պատերազմը»։ Ինչի՞ց կփրկի, եթե բոլոր քրոնիկ ախտերը խորացել են, իսկ ներքին՝ ներգաղթյալների ու այլազգիների, և արտաքին՝ ամբողջ աշխարհի հանդեպ ատելությունից բացի, ռուսներին ոչ մի գաղափար չի միավորում:

 

Բայց եթե նույնիսկ միավորի, աշխարհը չի վերջանում «Շեպետովկա քաղաքով, որին բախվելով փշրվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները», ինչպես մարգարեացել է Օստապ Բենդերը։ Պուտինին չի հաջողվի նույնիսկ համաշխարհային պատերազմ հրահրել, ինչպես որ Հիտլերն արեց՝ հայրենակիցներին պաշտպանելու նույն պատրվակով Չեխոսլովակիան օկուպացնելով։
Պատճառը մեկն է. Ռուսաստանը դաշնակից չունի, շրջապատված է իրենից զգուշացող կամ ատող երկրների օղակով… Եթե հանկարծ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ներկայացրած Հայաստանը Պուտինի ստիպելով պատերազմ չհայտարարի Ուկրաինային ու նրան աջակցող զարգացած երկրներին, բախումը համաշխարհային բնույթ չի ստանա։

 

Ուկրաինան համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Արևմուտքի հայտարարությունները ժամ առ ժամ ավելի կտրուկ են դառնում։ Դա նշանակում է, որ բանը կարող է Ռուսաստանի միջազգային մեկուսացմամբ չվերջանալ, այլ պատերազմով ու… ռուսական զենքի անպարտելիության մասին վերջին, ներռուսական, առասպելի խորտակմամբ։
Տա Աստված, գինը չլինի միջուկային պատերազմը։ 

 

 

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ