Այսօր Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում գտնվող Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դիակը: «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ Մագրադձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:

 

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նախորդ տարվա հուլիսին էր հայտարարել Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:

 

Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն էր ստացել միջազգային տնտեսագիտության և իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Արչիլ Մագրադձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից' Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի' հաճախորդների սպասարկման մենեջերից մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:

 

2006թ-ին Արչիլ Մագրադձեն միացել է Mobitel վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ - ից մինչև 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

 

2010թ-ին Արչիլ Մագրադձեն նշանակվել էUnitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները և եկամուտները, իսկ 2012 թ-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

 

Արչիլ Մագրադձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա: