ՀՀ սպառողական շուկայում հունվարին դեկտեմբեր ամսվա համեմատ արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դա պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 5.1 տոկոս գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3 տոկոս հավելաճ:
2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 30.2 տոկոս: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 3.0 տոկոսային կետով:
Այս տարվա հունվարին 2013թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)' 104.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 103.4 տոկոս, ծառայությունների սակագներինը' 109.1 տոկոս:
2014թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 122.2 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 127.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 117.2 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.1-3.6 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.6 տոկոսով: