Ադրբեջանում երկու օր առաջ սկսված սաստիկ ցուրտը կաթվածահար է արել բնակչության սպասարկման բոլոր ոլորտները իշխանությունների անպատրաստ լինելու պատճառով: Ադրբեջանական մամուլը հայտնում է առաջին զոհերի մասին:

 

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ցրտահարվելու հետեւանքով մահացել են Բաքվի երկու բնակիչ: 10-15 աստիճանի հասնող ցրտի զոհ են դարձել Բաքվի Բինագադիի շրջանի բնակիչ Աղամեհդի Մեհդիզադեն եւ Խանլարի փողոցի 51-ամյա բնակչուհի Միշակկիեւա Տատյանա Նիկոլաեւնան: Նրանց սառած մարմինները հայտնաբերվել են փողոցում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են վերջին երկու օրվա ընթացքում մերկասառույցի պատճառով սայթաքելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից վնասվածքներ ստացած 50-ից ավելի մարդկանց մասին: Նշվում է, որ սաստիկ ցրտերի եւ տեղումների պատճառով խաթարվել է Բաքուն էլեկտրաէներգիայուվ եւ գազով մատակարարող կազմակերպությունների աշխատանքը: Երեկ Բաքվի բնակչության կեսը 6 ժամից ավելի զրկված է եղել էլեկտրաէներգիայից, իսկ որոշ շրջաններ' գազից: Սումգայիթում եւ Բաքվի որոշ շրջաններում հացի մատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել: