Կահիրեի քրեական դատարանը փետրվարի 5-ին կրկին հետաձգել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի և նրա 14 կողմնակիցների դատավարությունը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, դատավարությունը կկայանա մարտին, և վկաները կներկայացնեն իրենց մեղադրանքները: Դատավարությունը կկայանա բոլոր մեղադրյալների ներկայությամբ: Դատարանը նման որոշում կայացրել է դատավարության մեկնարկից մի քանի րոպե անց:
Քրեական դատարանը դատավարությունը հետաձգելու որոշում էր ընդունել նաև փետրվարի 4-ին կայացած նիստին:
Մուհամմադ Մուրսիի դատավարությունը պետք է կայանար հունվարի 8-ին, սակայն հետաձգվել էր մինչև փետրվար:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել էր 2013թ.-ի հուլիսի 3-ին: Նախկին նախագահը և իր 14 կողմնակիցները մեղադրվում են 2012թ.-ին նախագահական նստավայրի առջև հակակառավարական հանրահավաքների ժամանակ ցուցարարների սպանության մեջ: