Եգիպտոսում Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալման օրը՝ հուլիսի 3-ին, անվտանգության ուժերի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների միջև բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ են գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ձերբակալվել են անկարգության մոտ 200 մասնակցիներ, մեծամասնության մոտ անօրինական զենքեր են հայտնաբերվել: Զոհերից մեկը գրանցվել է Ալեքսանդրիայում, երկուսը՝ Գիզայում:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Եգիպտոսի տարբեր շրջաններում: Գրեթե բոլոր շրջաններում ակցիաներն ավարտվել են անվտանգության ուժերի հետ բախումներով:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Սինայի թերակղզում ռազմական գործողությունների արդյունքում 17 զինյալներ են սպավել: Նրանք պատկանում էին «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորմանը, որը Եգիպտոսում ահաբեկչությունների գլխավոր պատասխանատուն է:
Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ. հուլիսի 3-ին, որից հետո նախկին նախագահը ձերբակալվել է: Նա մեղադրվում է 2012թ. նախագահական նստավայրի առջև հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ: