Եգիպտոսում «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարելիցին բախումների հետևանքով տարբեր գավառներում զոհվել է 18, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այսպիսի պաշտոնական տվյալներ է ներկայացնում Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Սպանվածների թվում են նաև երկու ժամկետային զինծառայող, որոնք դարձել են ոստիկանության շարժական կետի վրա զինված հարձակման զոհ:

 

Առավել դաժան բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաքային Էլ-Մաթարիա արվարձանում. այնտեղ զոհվել է 12 մարդ:

 

Ինչպես հայտնել է նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբի պետ Ալի Հարիդին՝ «ահաբեկչական խմբերը, ովքեր ցուցարարների շարքեր են ներթափանցել, հրազեն են կիրառել ընդդեմ անզեն մարդկանց»:

 

Նրա խոսքով՝ որպես հարձակման օբյեկտներ են ծառայել նաև էլեկտրագեներատորային կայանները և ոստիկանական տեղամասերը:

 

Օրվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի՝ անկարգություն հրահրող ավելի 500 կողմնակցի: