Ադրբեջանի 39-ամյա քաղաքացի Ջավիդ Օրուջովի հինգ հոգուց բաղկացած ընտանիքի' Հայաստանում ապաստան խնդրելու շուրջ քննարկումներն այդ երկրում շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ առնչությամբ հայտնում է, որ «Ադրբեջանի իշխանությունները տարօրինակ լռություն են պահպանում Ադրբեջանից ամբողջ ընտանիքի Հայաստան փախչելու աննախադ եպ փաստի առնչությամբ»:
«Պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի մեկնաբանում հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ընտանիքը ստիպված է եղել փախչել երկրից Ջավիդ Օրուջովի կնոջ հայկական արմատներ ունենալու պատճառով հալածանքների ենթարկվելու համար: Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններից այդ միջադեպի հետ կապված մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն են անցել», -հայտնում է «Թուրան»-ը:
Ըստ գործակալության, միգրացիայի գծով փորձագետները նշում են, որ եթե քաղաքացին հեռանում է երկրից, նա չի զրկվում քաղաքացիությունից, իսկ միջազգային կազմակերպությունները, հավանաբար, Ադրբեջանին հարցում կանեն Օրուջովի ընտանիքի մասին:
«Ադրբեջանի պաշտոնական քարոզչության գլխավոր խաղաքարտերից մեկը նմանը չունեցող հանդուրժողականությունն է, կրոնական եւ ազգային անհանդուրժողականության բացակայությունը: Այդքանով հանդերձ, պաշտոնական Բաքուն ամեն հարմար առիթով պնդում է Ադրբեջանում 15-30 հազար հայերի բնակվելու մասին: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները ապաստան են խնդրել Հայաստանում, ինչը վկայում է սեփական կառավարությունից նրանց խիստ դժգոհ լինելու մասին: Մինչեւ այժմ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են Ադրբեջանում, հայտարարել են Հայաստանում ապաստան խնդրելու մտադրության մասին», -նշում է գործակալությունը:
ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Ջավիդ Օրուջովը' իր, կնոջ եւ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջովը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումներն սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983 թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքմանը' Ջավիդ Օրուջովը պարտադրված համաձայնել է հա մագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջովը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի վիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը' Ջավիդ Օրուջովը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: